Մատչելի հղումներ

Նյու Յորքում գրանցվել է կարմրուկի համաճարակ


Նյու Յորքի քաղաքային իշխանություններն արտակարգ իրադրություն են հայտարարել կապված ծայրահեղ օրթոդոքս հրեական համայնքում կարմրուկ հիվանդության համաճարակի հետ:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն հայտարարել է, որ Նյու Յորքի Բրուքլինի շրջանի չորս ենթաշրջաններում բնակվում են պատվաստումներ չստացած բնակիչներ: Քաղաքապետը նշել է, որ պատվաստումը պարտադիր կդառնա կարմրուկ, խոզուկ և կարմրախտ հիվանդությունների դեմ՝ համաճարակի դեմն առնելու համար:

«Այս համաճարակը դադարեցնելու միակ ճանապարհը վստահ լինելն է, որ բոլորը ստացել են պատվաստում: Կարևոր է, որ մարդիկ գիտակցեն, որ դրանք օգուտ են տալիս, անվտանգ են և արդյունավետ» ,- ասել է քաղաքապետը:

Նրանք ովքեր կհրաժարվեն պատվաստումից կամ չեն կարողանա ներկայացնել տեղեկանք դրա ստացման մասին կտուգանվեն 1000 ԱՄՆ դոլարի չափով:

Ըստ պաշտոնական տվյալների Նյու Յորքում հաստատվել է կարմրուկի 285 դեպք:

Չնայած հրեական համայնքի առաջնորդներն աջակցում են պատվաստման նախաձեռնությանը՝ քաղաքային իշխանությունները հայտնում են պատվաստմանը դիմադրելու փորձերի մասին: Փորձագետները նշում են, որ մարդկանց պատվաստումներից հրաժարվելը կապված է այն հանգամանքի հետ, որ գիտությունն այդպես էլ վերջնական ապացույցներ չի տրամադրել դրանց արդյունավետության մասին: Բացի այդ, առկա են կրոնական համոզմունքների հետ կապված հարցեր:

Մինչդեռ հիվանդների թիվը շարունակում է աճել: Ըստ առողջապահության ոլորտի պատասխանատուների, հիվանդների թիվն արդեն հասել է 465: Այս տեմպերի պարագայում մինչև տարվա կես կարմրուկով վարակվածների թիվը կարող է անցնել 667-ի, որը գրանցվել էր 2014 թվականին: Հիշեցնենք, որ 2 տասնամյակ առաջ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ում այս հիվանդությունը գրեթե ամբողջապես վերացված է:

Բացի այդ, առողջապահության ոլորտի մասնագետները նշում են, որ ԱՄՆ-ում նվազել է պատվաստում ստացող մարդկանց թիվը՝ կապված ապատեղեկատվության հետ, որը տարածվում է այս հարցի շուրջ:

Կարմրուկ հիվանդությունը վարակիչ է և տարածվում է օդային ճանապարհով: Այս համաճարակի տարածումը պայմանավորված է պատվաստում չստացած անձանց՝ Իսրայել, Ուկրաինա և Ֆիլիպիններ, այցելելով, ուր այդ հիվանդությունը տարածված է:

Facebook Forum

XS
SM
MD
LG