Ուբեր ընկերության գործունեությունը ինքնակառավարվող տեխնոլոգիաների ոլորտում գտնվում է վերլուծաբանների ուշադրության կենտրոնում, հատկապես ինքնակառավարվող ավտոմեքենաները: Սակայն, չի կարելի շտապել ինքնավար ավտոմեքենաների զանգվածային շահագործման մեկնարկի հարցում, պնդում է Ռաքել Հուրթասունը:
Վերջինս ղեկավարում է Ուբերի բարձրագույն տեխնոլոգիաների խումբը Տորոնտոյում և պատասխանատու է արհեստական բանականության և բարձրագույն տեխնոլոգիաների ներդրման համար:
«Դեռևս կան մի շարք խնդիրներ, բայց միանշանակ մենք կտեսնենք ինքնակառավարվող ավտոմեքենաներ քաղաքներում և մայրուղիներում: Երկու դեպքում էլ սակայն առկա են դժվարություններ: Քաղաքներում, օրինակ, շատ հետիոտն կա, ովքեր միշտ չէ, որ հետևում են կանոններին»,- նշում է Հուրթասունը:
Uber- ը հանդիսանում է առաջատար ինքնավար տրանսպորտային միջոցների ոլորտում, սակայն անցյալ տարվա մարտին իր փորձարկման ժամանակ ավտոմեքենաներից մեկը հարվածել էր Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքի մի հետիոտնի: Դրանից հետո ընկերությունը հեռացրել է ռոբոտները փողոցներից եւ դեկտեմբերին միայն վերսկսել հանրային ճանապարհների վրա փորձարկումները:
Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ ճապոնացի մի խումբ ներդրողներ SoftBank Group- ի եւ Toyota- ի գլխավորությամբ բանակցություններ են վարում Ուբերի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել 1 միլիարդ դոլարի սահմանում ինքնակառավարվող տրանսպորտային միջոցների հետ կապված Ուբերի նորարարությունները:
Վերջերս ընկերության կապիտալիզացիան գնահատվել է 76 մլրդ դոլար, իսկ ապրիլին նախատեսված է ընկերության մուտքը բաց շուկա, որի արդյունքում ընկերության արժեքը կարող է հասնել մինչև 120 մլրդ դոլարի: Ուբերի հիմնական մրցակիցն է Լիֆթ ընկերությունը, որը բաց շուկա է դուրս եկել դեռևս մարտ ամսին:
Facebook Forum