Մատչելի հղումներ

Ստոլթենբերգ. ՝՝ՆԱՏՕ-ն ուժեղ է՝ միասնաբար՛՛


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլդենբերգը ԱՄՆ-ի կոնգրեսականներին ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը չունի նոր ՝՝Սառը պատերազմի՛՛ կարիք։ Սակայն նա նաեւ հանդես է եկել Ռուսաստանի դեմ ավելի մեծ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին կոչով։
Հանդես գալով Կոնգրեսի զույգ պալատների համատեղ նիստի ժամանակ՝ ՆԱՏՕ-ի ղեկավարը հիշեցրել է Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միության դեմ կանխարգելիչ քայլելի մասին, հիշեցրել Բալկաններում պատերազմներն ու բռնությունները դադարեցնելու, ահաբեկչության դեմ պայքարելու ՆԱՏՕ-ի անցած ուղին։
՝՝Ամերիկան եղել է մեր դաշինքի ողնաշարը ։ Այն եղել է Եվրոպայի անվտանգության ու մեր ազատությունների հիմքը։ Առանց ԱՄՆ-ի աջակցության, մենք չէինք ունենա այն խաղաղ կյանքը ու բարգավաճումը, ինչն ունենք այսօր՛՛, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ստոլթենբերգը նախազգուշացրել է Ռուսաստանի աճող հավակնությունների մասին՝ 2Օ14 թվականին Ղրիմի բռնակցումից սկսած։

՝՝Ռուսական վարքագիծը նկատելի է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից մինչեւ Միջերկրական, Սեւից մինչեւ Բալթիկ ծով՛՛, ասել է նա ու հիշեցրել Մեծ Բրիտանիայում նյարդապարալիտիկ թունավորման դեպքերը, ընդգծել Սիրիայում Ասադի կառավարության նկատմամբ Մոսկվայի աջակցությունը։
Ստոլթենբերգի խոսքերով, ՆԱՏՕ-ն շարունակում է ամբողջ ուժով ծառայել անդամ երկրների ժողովուրդներին։

՝՝Մենք բոլորս միասին կազմում ենք մեկ միլիարդ մարդ։ Մենք տնօրինում ենք աշխարհի տնտեսական ամբողջ կարողության կեսը, աշխարհի ռազմական ամբողջ կարողության 5Օ տոկոսը։ Ու երբ մենք հանդես ենք գալիս միասնաբար, դառնում ենք ամենահզորը տնտեսապես, քաղաքականապես ու ռազմական առումով՛՛ ասել է Ստոլթենբերգը, որը հինգշաբթի օրը ղեկավարելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների մակարդակով Վաշինգտոնում անցկացվելիք արարողությունը՝ նվիրված դաշինքի հիմնադրման 7Օ-րդ տարեդարձին։

XS
SM
MD
LG