Մատչելի հղումներ

Դիարբերքիր քաղաքը Էրդողանի ու քրդամետ կուսակցության պայքարի կիզակետում


Թուրքիայում մոտեցող տեղական կառավարման մարմինների ընտրությունները քննություն են քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցության համար: Կուսակցության շատ ներկայացուցիչներ գտնվում են ճաղերի հետևում քրդական ապստամբ ուժերին աջակցելու մեղադրանքով

Թուրքիայում ընթանում է նախընտրական քարոզարշավ տեղական կառավարման մարմինների ընտրությունների նախօրեին, որոնք տեղի կունենան հաջորդ կիրակի:

Դիարբեքիրի Կայար Փինար շրջանում ակտիվ քարոզչություն է իրականացնում քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը ի դեմս քաղաքապետի թեկնածու Քեզբան Յիլմիզի: Նա խոսում է բազմաթիվ խոչընդոտների մասին, որոնց առնչվում է նրա քարոզարշավը։

«Անվտանգության ուժերը հաճախ շրջապատում են մեր նախընտրական շտաբերը՝ ստեղծելով անհանգստության և վախի մթնոլորտ մեր աջակիցների շրջանում: Ոստիկանությունը նորից սկսել է ճնշումներ գործադրել մեր նկատմամբ՝ ձերբակալելով ու բերման ենթարկելով մեր կուսակցության անդամների»,- նշում է թեկնածուն:

Դիարբեքիրում այս օրերին նկատվում է ոստիկանական ուժերի մեծ կուտակում: Այս տարածաշրջանը երկար տարիներ գտնվում է քուրդ ապստամբների պայքարի կենտրոնում:

Քրդամետ HDP կուսակցության ավելի քան 80 քաղաքապետեր ձերբակալվել են Քրդական աշխատավորական կուսակցության աջակից լինելու մեղադրանքով: Նրանց փոխարեն նշանակվել են կառավարության ներկայացուցիչներ:

Տեղական հետռուստաալիքները հրաժարվում են ցուցադրել HDP կուսակցության գովազդները, իսկ մամուլի զգալի մասը անուշադրության է մատնում այն:

Չնայած այս խոչընդոտներին կուսակցության թեկնածուները շարունակում են ակտիվ քարոզչությունը:

«Ոչինչ չես կարող անել, ցավալի է: Ամենուրեք հանդիպում ես խտրական մոտեցման մեր կուսակցության հանդեպ: Մամուլի միջոցով հնարավոր չէ քարոզչություն իրականացնել: Կան բազմաթիվ սահմանափակումներ»,- հայտնում է Յիլմիզը:

Շատերը Դիարբեքիրում դիտում են քրդական հեռուստաալիք, որը ֆինանսավորվում է Երվրոպայից: Այստեղ հնարավոր է տեղեկություն ստանալ HDP-ի մասին: Այն իր քարոզչության համար ակտիվ օգտագործում է նաև սոցիալական ցանցերը:

Նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին զգուշացրել է, որ HDP կուսակցությունից ընտրված քաղաքապետերը կարող են հեռացվել պաշտոնից: Դա չի վախեցնում Յիլմազին:

«Մեր ընկերները, ովքեր ձերբակալված են, ճիշտ ուղու վրա էին: Նրանք փորձել են անել հնարավորինս ամեն ինչ իրենց ժողովրդի համար: Մենք կշարունակենք նրանց գործը, ու եթե պետությունը մեզ ևս հեռացնի, կգան նորերը»,- նշում է Յիլմազը:

Այսպիսով այս տարածաշրջանում սպասվում է թեժ պայքար մի կողմից HDP-ի մյուս կողմից Էրդողանի ու նրա կողմնակիցների միջև: Արդյունքները հայտնի կդառնան գալիք կիրակի օրը կայանալիք ընտրություններից հետո:

Facebook Forum

XS
SM
MD
LG