ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Իսրայել կատարած իր այցի ընթացքում այցելել է Երուսաղեմում հրեական սրբավայր: Սա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է հրեական այս սրբատեղի: Երկար տարիներ ամերիկյան կողմը խուսափել է նման այցերից Երուսաղեմի կարգավիճակի պատճառով:
Այցին հաջորդել է նախագահ Թրամփի թվիթերյան գրառումը, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի, որ Գոլանի բարձունքները պատկանում են Իսրայելին:
Իսրայելի գրավել է այս բարձունքները Սիրիայից 1967 թվականին: Դամասկոսը պահանջում է դրանց վերադարձը և դա համարում նախապայման Իսրայելի հետ խաղաղ համաձայնագրի կնքման համար: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին վերջինիս գրառման համար:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնը կանգնած է Իսրայելի թիկունքին: Նա տեղեկացրել է, որ նախագահը որոշում է կայացրել ճանաչել Գոլանի բարձունքները որպես Իսրայելին պատկանող տարածք:
Իսրայելում այսօր ընթանում է սուր քաղաքական պայքար ապրիլի 9-ի ընտրությունների նախօրեին: Գործող վարչապետ Նեթանյահուն դժվար կացության մեջ է ՝ կապված իր անձի շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալների ու հետաքննությունների հետ:
Որոշ փորձագետներ կարծում են, որ Պոմպեոյի այցը նախատեսված էր Նեթանյահուին օգնելու համար:
«Ակնհայտ է մտադրությունը աջակցելու Բիբի Նեթանյահուին այս նախընտրական պայքարում: Այս վարչակազմը մշտապես ցուցաբերել է իր կողմնակալությունը Իսրայելի քաղաքական կյանքում և Նեթանյահուին աջակցելու առումով, ուստի եկել է ժամանակը օժանդակելու նրան»,- ասում է Ռոս Հարիսոնը Ջորջթաուն համալսարանից:
Պոմպեոն ու Նեթանյահուն նաև համաձայնվել են միասին աշխատել ընդդեմ «իրանական ագրեսիայի» տարածաշրջանում: Այս հարցը Պոմպեոն կքննարկի նաև Լիբանանի իշխանությունների հետ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Իսրաել կատարած այցի ընթացքում այցելել է նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին, ուր մոմ է վառել և շփվել հայ հոգևորականների հետ:
Facebook Forum