Օհայո նահանգում նախագահը այցելել է ռազմական արդյունաբերության գործարան, որը արտադրում է տանկեր և ռազմական մեքենաներ: Այստեղ նախագահը ընդգծել է, որ իր վարչակազմը ջանքեր է գործադրում ամերիկյան ռազմաարդյունաբերության զարգացման և ֆինանսավորման մեծացման ուղղությամբ:
Սակայն այդ նույն նահանգում General Motor’s ընկերության գործարանի փակման արդյունքում նահանգի շատ բնակիչներ կորցրել են իրենց աշխատանքը: Նախագահը մեղադրում է ընկերությանն այս հարցում: Նա կոչ է անում General Motor’s-ին կամ վերաբացել գործարանը, կամ վաճառել ընկերությունը: Գործարանի փակման հարցում, ըստ նախագահի, իրենց մեղքի բաժինն ունեն նաև արհմիությունները:
Թրամփի այս հռետորաբանությունը, տեղական արտադրության զարգացման առումով, կարող է իր կողմը քաշել աշխատավոր դասին, սակայն փորձագետները լավատես չեն նման մոտեցման հարցում՝ ընգծելով գլոբալ տնտեսական համակարգում առկա իրողությունները: Ըստ փորձագետների, մետաղի ներմուծման համար սահմանված սակագները բացասաբար են անդրադառնում տնտեսության վրա:
«Մենք կորցնում ենք աշխատատեղեր այս սակագների արդյունքում և այժմ խոսում ենք ավտոմեքենաների ներկրման սակագների մասին: Այս ամենն ի վերջո կհանգեցնի գործազրկության մեծացման, այլ ոչ թե կրճատման»,- ասում է Բրուքինգս հաստատության փորձագետ Դեյվիդ Դոլարը:
2016 թ. Թրամփը հաղթանակ էր գրանցել Օհայո նահանգում 8 տոկոսի տարբերությամբ: 2020 թ. այս նահանգը կրկին կդառնա կռվախնձոր ընտրություններին մասնակցող թեկնածուների միջև:
Facebook Forum