Մատչելի հղումներ

Ինչպես կազդի Նազարբաևի հրաժարականը եվրասիական տնտեսական և ռազմական ինտեգրացման վրա


Ղազախստանի երկարամյա նախագահ Նորսուլթան Նազարբաևը հայտարարել երկրի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին: Ինչպիսի ազդեցություն կթողնի այս զարգացումը եվրասիական տարածաշրջանի կառույցների վրա, քննարկում են վերլուծաբանները:

Ղազախստանի երկարամյա նախագահ Նորսուլթան Նազարբաևը ներկայացրել է անսպասելի հրաժարական: Վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանն այս զարգացումները որակում է ‘’աննախադեպ’’ հետխորհրդային տարածքում:

Նազարբաևի այս քայլը վերջինս պատճառաբանում է արտաքին գործոններով, մասնավորապես Հայաստանի թավշյա հեղափոխությամբ և ռուս-բելառուսական հարաբերություններում առկա զարգացումներով: Նա ընդգծում է, որ Նազարբաևի նպատակներից է պահպանել իր քաղաքական կապիտալը՝ այն համապատասխան ժառանգորդին փոխանցելու համար:

«Նազարբաևը փորձում է ապահովել իրեն հաջորդող սերնդի ամուր դիրքերը երկրի ներսում՝ չնայած ռուսական կողմը ևս ունի իր թեկնածուները: Այստեղ ընթանում է Մոսկվայի հետ լարված պայքար, թե ով կժառանգի Նազարբաևի ղազախստանյան քաղաքական կապիտալը»,- նշում է Աբրահամյանը:

Հայաստանի համար Ղազախստանը կարևոր տարածաշրջանային երկիր է, քանի որ երկու երկրները անդամակցում են եվրասիական տնտեսական և ռազմական համակարգին, որտեղ շոշափելի է նախկին նախագահ Նազարբաևի ազդեցությունը:

Սակայն վերլուծաբանները միակարծիք են՝ Նազարբաևի հրաժարականը երկրի նախագահի պաշտոնից որևէ լուրջ հետևանք չի թողնի Եվրասիական տնտեսական միության և Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի վրա:

«Նման տարածաշրջանում քաղաքական դինամիկան ստատիկ է: Չեմ կարծում , որ հրաժարականը լուրջ ազդեցություն կթողնի Եվրասիական տնտեսական համագործակցության վրա»,- նշում է Աբրահամյանը:

«Նազարբաևի հրաժարականը որևէ լուրջ ազդեցություն չի թողնի, քանի որ պարոն Նազարբաևը մնում է իշխող կուսակցության անվտանգության խորհրդի նախագահ, ինչը նշանակում է` քանի դեռ նա ողջ է, նա է որոշելու Ղազախստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղեգիծը»,- ասում է վերլուծաբան Սվանթե Քորնելին:

Վերլուծաբանը գտնում է, որ Ղազախստանի արտաքին քաղաքական ուղեգիծը հիմնվում է իրատեսական մոտեցման վրա: Որպես օրինակ վերլուծաբանը հիշեցնում է եվրասիական ինտեգրացման շուրջ երկրում առկա զարգացումները:

«Ղազախստանն ունի, ինչպես ասում էին խորհրդային տարիներին, օբյեկտիվ իրականություն: Կան հարևան երկրներ, կան որոշակի հարաբերություններ, և Ղազախստանը պետք է զգուշորեն մոտենա դրանց: Երբ Ղազախստանի առջև կանգնած էր Եվրասիական միությանը միանալու հարցը, այստեղ լուրջ քննարկումներ էին ընթանում այս հարցի շուրջ: Շատերը գիտեին, որ սա հակասում է Ղազախստանի ազգային շահերին, սակայն քաղաքական իրականության պատճառով անդամակցումը անհրաժեշտություն էր»,- ասում է Քորնելը:

Վերլուծաբանը կանխատեսում է, որ Ղազախստանը կշարունակի պահպանել ստատուս քվոն՝ միևնույն ժամանակ փորձելով նվազեցնել այս անդամակցությանն իր ներգրավվածությունը:

Էդուարդ Աբրահամյանի կարծիքով էլ եվրասիական կառույցը դեռևս ամբողջապես կայացած չէ և իր մեջ պարունակում է ավելի շատ քաղաքական, քան` տնտեսական բաղադրիչներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG