Հարավային Կալիֆորնիայի համալսարանն ԱՄՆ-ի այն մի շարք համալսարաններից մեկն է, որտեղ գործել է մի ցանց, որը կաշառքի դիմաց ապահովել է հարուստ ընտանիքների երեխաների ընդունելությունը եւ արտոնություններ տվել նրանց։ Դատախազներն ասում են, որ անկախ խորհրդատուները կաշառել են քննության արդյունքները քննող պաշտոնյաներին։
Ուսանողներն այստեղ զայրացած են, որ հարուստ ընտանիքների երեխաների փոխարեն, համալսարաններ ընդունվելու հնարավորությունից զրկվել են ավելի արժանիները։
Նրանք ասում են, որ նման կաշառք տալու փոխարեն, լավ կլիներ այդ գումարը ծախսել այնպիսի գիտելիքներ ստանալու համար, որը թույլ կտար նրանց արդար կերպով դառնալ ուսանողներ։
Ի դեպ, ընդհատակյա այս ցանցը գործել է մի շարք նահանգներում։ Ինչպես ուսանողներից շատերն են ասում, ոմանք այստեղ նույնիսկ հպարտացել են, որ խաբեությամբ են հասել իրենց նպատակին։
Կաշառատվության մեջ են մեղադրվում ԱՄՆ-ում հայտնի մի շարք անձինք, այդ թվում՝ հոլիվուդյան աստղեր Լորի Լաֆլինը եւ Ֆելիսիթի Հաֆմանը։
Իրավաբանության բաժնից Զիլի Զոն ողջունում է համալսարանի նախագահի արագ արձագանքը ու դատապարտել կատարվածը։ Սակայն, ասում է նա, պախարակելի է այն փաստը, որ չի եղել նման արարքը խոչընդոտելու համար պատշաճ վերահսկողություն։
՝՝Չի կարելի հույսը դնել միայն մեկ անձի վերահսկելու կարողությունների վրա։ Կաշառակերությունը կանխելու պայքարը պիտի լինի համատարած՛՛, ասում են ուսանողները։
Մեկ այլ ուսանող՝ Նաթան Լաուն ասում է, թե ԱՄՆ-ի չափանիշները շատ արդար են, սակայն միշտ էլ տեղ մնում է կոռուպցիայի համար։
Քանի դեռ քննիչներն ու դատարաններն այս պահին զբաղված են այս գործը լիովին բացահայտելու աշխատանքներով, ուսանողներն ասում են, թե պիտի արվի ամեն հնարավորը՝ իրենց համալսարանների կորսված հեղինակությունը վերականգնելու համար։