Մատչելի հղումներ

Նոր առաջընթաց՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում գրանցվել է նոր առաջընթաց, որը հույս է տալիս, որ մոտ են այն ժամանակները, երբ այն կհաղթահարվի ամբողջապես:

Մեծ Բրիտանիայի մի խումբ գիտնականներ հայտարարել են, որ քաղցկեղից տառապող մեկ այլ հիվանդի մոտ է նկատվել ՁԻԱՀ-ի հարուցիչ ՄԻԱՎ-ի վիրուսի անհետացում։

Դեռևս 12 տարի առաջ այդ նույն հիվանդությամբ տառապող ամերիկացի Թիմոթի Ռեյ Բրաունն անցել է նմանատիպ մի բուժում Գերմանիայում և բուժվել վիրուսից:

Քաղցկեղի բուժման ընթացքում այս հիվանդների մոտ արձանագրվել է ՄԻԱՎ-ի վիրուսի վերացում: Սակայն չնայած այս առաջընթացին, որոշ բժիշկներ դեռևս հապաղում են հայտարարել, որ ՄԻԱՎ-ն ամբողջապես բուժվում է: Այս ճանապարհին դեռևս կան բազմաթիվ մարտահրավերներ, նշում են նրանք:

Ալերգիկ ու վարակային հիվանդությունների ազգային հաստատության տնօրեն, բժիշկ Էնթոնի Ֆաուսին վստահ է , որ բժիշկները կարող են համախմբել ուժերը ՝ այս հիվանդության վերջնական բուժմանը հասնելու համար: Նա ընդգծում է, որ առաջարկված բուժման ձևը մեծ առաջընթաց է և շատ լավ հնարավորություն՝ այս ճանապարհին, սակայն այս պահին անհրաժեշտ է ընդլայնել փորձարկումների շրջանակը և ընդգրկել նաև այն հիվանդներին , որոնք չեն անցել որևէ բուժում: Այստեղ հաջողություն գրանցելու պարագայում միայն, ըստ Էնթոնի Ֆաուսիի, հնարավոր է խոսել վերջնական բուժման մասին:

Իր հերթին համաճարակաբան Լիզա Ֆիթզփաթրիկը ասում է, որ նրանք, ովքեր վարակվել են ՄԻԱՎ-ով կամ կասկածում են, որ ունեն այս վարակը, պետք չէ վախենան, քանի որ այսօր դրա բուժման առումով իրավիճակը փոխված է: Նա պնդում է, որ ի տարբերություն 80-ականներին կամ 90-ականներին, երբ մարդիկ մահանում էին ՁԻԱՀ-ից, 2019 թվականին իրավիճակն այլ է:

Էնթոնի Ֆաուսիի կարծիքով էլ 10 տարվա ընթացքում հնարավոր է 90 տոկոսով նվազեցնել նոր վարակների թիվը, որը փաստորեն կհանգեցնի հիվանդության համաճարակի վերացմանը: Նա տեղեկացրեց, որ այս պահին ՄԻԱՎ-ի դեմ երկու պատվաստանյութ են փորձարկվում Հարավային Աֆրիկայում, որոնց արդյունքները պարզ կդառնան երկու տարվա ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG