Մատչելի հղումներ

Կառաջադրվի արդյո՞ք Ջո Բայդենը


ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը դեռևս չունի վերջնական որոշում 2020 թ. նախագահական ընտրություններում մասնակցելու մասին: Ըստ հարցումների, մասնակցության պարագայում Բայդենը կլինի առաջատար դեմոկրատական կուսակցության թեկնածուների շրջանում

Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները հորդորում են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին առաջադրվել գալիք նախագահական ընտրություններում: Վերջինս դեռևս չունի վերջնական որոշում, սակայն չի բացառում իր մասնակցությունը:

«Շնորհակալ եմ նման ջերմ ընդունելության համար, սակայն խնդրում եմ այս էներգիան պահպանեք մի փոքր: Այն կարող է պետք լինել ինձ մի քանի շաբաթից»,- կատակել է Ջո Բայդենը։

Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ նախկին փոխնախագահը մի շարք ակնարկներ է արել իր հավանական քարոզարշավի շուրջ:

«Մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունք պետք է ցուցադրել: Ոչ ոք չպետք է անտեսվի: Ոչ աղքատը, ոչ հիվանդը, ոչ ներգաթյալը, ոչ ոք »,- հայտարարել է Բայդենը:

Մասնակցության դեպքում նա հավանաբար կլինի առաջատար թեկնածուների շրջանում, սակայն կունենա նաև լուրջ մրցակիցներ, որոնց թվում են սենատորներ Բերնի Սանդերսը և Քամալա Հարիսը:

Նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է դեմոկրատներին սոցիալիզմի գաղափարախոսության տարածման մեջ ՝ ընդգծելով հատկապես բնապահպանական խոշոր մի նախագիծ, որը հայտնի է «Կանաչ նոր համաձայնություն» անվամբ:

«Ես ցանկանում եմ, որ նրանք ներկայացնեն այս ծրագիրը և փորձեն այն մատուցել ընտրողին: Ես որպես հանրապետական, կմասնակցեմ ընտրություններին այս ծրագրի դեմ»,- ասում է նախագահ Թրամփը:

Դեմոկրատներից շատերը ողջունում են Ջո Բայդենի մասնակցությունը, սակայն ըստ վերլուծաբանների, Բայդենի հիմնական մարտահրավերը կդառնա իր տարիքը: Նա այժմ 76 տարեկան է: Դրա հետ մեկտեղ կան նաև այլ խնդիրներ:

«Նրա հայացքները, օրինակ, քրեական արդարադատության մասին, տարբերվում են Դեմոկրատական կուսակցության այսօրվա հիմնական արժեքներից, ուստի 2020թ. Ջո Բայդենի հիմնական հակառակորդը կարող է դառնալ 1994 թ. Բայդենը»,- նշում է Ջոն Հուդակը Բրուքինգս հաստատությունից:

Սակայն Բայդենի գլխավոր փաստարկը կարող է լինել այն, որ ինքը կլինի Թրամփին հակակշռող ամենաուժեղ թեկնածուն այս ընտրություններում։

«Դոնալդ Թրամփը միգուցե պառակտող դեր ունի երկրում, սակայն այն հարցերում, որոնք մտահոգում են դեմոկրատներին, նա համախմբող դեր է կատարում: Դեմոկրատները համախմբված են ամբողջապես Թրամփի վերընտվելը կանխելու հարցում»,- ընդգծում է Progressive Policy Institute հաստատության փորձագետ Վիլ Մարշալը:

Բարաք Օբամայի օրոք փոխնախագահի պաշտոնում գտնվող Ջո Բայդենն այսօր մեծ հեղինակություն է վայելում Դեմոկրատական կուսակցության շրջանակներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG