Սիրիայի Բաղուզ գյուղի շրջակայքում շարունակվում են ռազմական գործողությունները ծանր հրետանու ու այլ զինատեսակների կիրառմամբ: ԱՄՆ-ի աջակցության ներքո գտնվող զորամիավորումները հույս են հայտնում, որ Դաեշ-ի վերջնական ջախջախումը մոտ է:
«Մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում ռազմական գործողությունները կավարտվեն, շնորհիվ Դաեշ-ի ահաբեկիչների նկատմամբ ուժեղ ճնշման»,- հայտնում է Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակ Քինո Գաբրիելը:
Մինչ այժմ Դաեշը դիմադրություն է ցույց տվել՝ կիրառելով մահապարտներ և հրետակոծելով դեմոկրատական ուժերի դիրքերը: Սակայն ինչպես տեղեկացնում է դեմոկրատական ուժերի մամլո կենտրոնը թվիթերյան գրառման միջոցով վերջին շրջանում ոչնչացվել են Դաեշ-ի տասնյակ ահաբեկիչներ և խմբավորման դիրքեր իրենց զինատեսակներով:
Ահաբեկչական խմբավորումը սակայն քարոզչական նպատակներից ելնելով հրապարակեց նոր մի տեսանյութ, որտեղ ցուցադրված է Բաղուզ գյուղի կյանքը: Զինյալներից մեկը, ով ներկայացել է որպես Աբու Աբդ ալ Ազիմ կոչ է անում Դաեշ-ի հետևորդներին չկորցնել հավատը՝ նշելով, որ Դաեշ-ի զինյալները կհայտնվեն դրախտում:
Այս պահին Բաղուզի շուրջ մարտերը շարունակվում են:
Facebook Forum