7-րդ գումարման Ազգային ժողովը մեծապես կարևորում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ու նպատակաուղղված է կատարելագործելու երկկողմ հարաբերությունները պաշտպանության և անվտանգության ոլորտներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 13-ին ՀՀ Ազգային ժողովում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում անցկացված «Խորհրդարանական վերահսկողությունը ՀՀ զինված ուժերում» թեմայով սեմինար-քննարկմանը նման տեսակետ հայտնեցին խորհրդարանի ներկայացուցիչները:
«Նախորդ տարի դեկտեմբերին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները ժողովրդավարության ինքնադրսևորման լավագույն օրինակներն էին: Նոր ձևավորված Ազգային ժողովը մեծապես բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի և այլ գործընկեր երկրների հետ փոխշահավետ և փոխլրացված համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակադրակը: Հուսով եմ, որ հանդիպումները կլինեն հիմնարար և արդյունավետ, կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնված և բազմակողմանի զարգացմանը: Սա կարող է հանդիսանալ համագործակցային շատ բարենպաստ հարթակ՝ ցանկությունների ամրագրման, անելիքների պլանավորման և իրականացման համար: Առանձնակի կարևորում եմ այս միջոցառմանը քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը»,-ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Վարդան Վարդանյանը:
Նա խորը համոզմունք հայտնեց, որ քննարկումները կնպաստեն բազմակողմանի համագործակցային հարաբերությունների հաստատմանը, իսկ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ համատեղ իրականացվելիք նմանօրինակ միջոցառումներն ու ծրագրերը կարող են խթանել ժողովրդավարության և ինստիտուցիոնալ բարեփոխումները:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ Հայաստանը տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ունեցել է ընդգծված գործընկերային փոխհարաբերություններ: Նախորդած տարիներին հաստատվել են ամուր և բարիդրացիական հարաբերություններ: Սիմոնյանը նշեց՝ նոր Հայաստանում իրենք նախորդի կրողն ու նոր առավել լայն ընդգրկուն ձևաչափով համագործակցության շարունակության երաշխավորն են: «Նոր ձևավորված խորհրդարանը մեծապես բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Մենք կարևորում ենք ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների հետ փոխշահավետ և փոխլրացված քաղաքականությունը, միջխորհրդարանական բազմապրոֆիլ հարաբերությունները»,-ասաց փոխնախագահն ու նկատեց՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների շրջանակում Հայաստանը բարձր մակարդակի մասնակցություն է ապահովում նաև բազմաթիվ միջազգային խաղաղապահ առաքելություններում:
Նա առանձնահատուկ կերպով անդրադարձավ հատկապես պաշտպանության, անվտանգության ոլորտում առկա մարտահրավերներին: Սիմոնյանը նկատեց, որ այս ոլորտը մշտապես ունի բարեփոխումների անհրաժեշտություն: «Մենք նպատակաուղղված ենք առավել կատարելագործել երկկողմ հարաբերությունները պաշտպանության և անվտանգության ոլորտներում»,- նշեց նա:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր Մաթիաս Քիսլերը նկատեց, որ նախորդ անգամ ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում նույնպես նույն թեմայով քննարկում են ունեցել ԱԺ-ում: Սակայն նա կարևորեց, որ նորից քննարկեն այդ կարևոր թեման տարբեր պատճառներով: «Առաջինն այն է, որ նոր խորհրդարան է ձևավորվել, շատերն առաջին անգամ են խորհրդարանում և նոր էներգիա ու նոր գաղափարներ են բերում»,- եզրափակեց նա: