Վենեսուելան, որտեղ արդեն մի քանի շաբաթ ընթանում են նախագահ Մադուրոյի հրաժարականը պահանջող բողոքի ցույցեր, տեղի ունենում բախումներ ու հակացույցեր, հոսանքազրկվել է, ինչի հետեւանքով գիշերները այն հայտնվում է մթության մեջ: Մարդիկ զրկվել են համացանցից օգտվելու հնարավորությունից:
Նիկոլաս Մադուրոն այս ամենի համար մեղադրում է Վաշինգտոնին: ‘’Մեր առջեւ կանգնած է ամերիկյան իմպերիալիզմի ամենալուրջ ագրեսիան’’, հայտարարում է նա:
Իսկ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատասխանում է, ասելով, թե ‘’Մադուրոյի ապագան գեղեցիկ ծովափնյա մի վայրում է, սակայն Վենեսուելայից շատ հեռու’’:
Բոլթոնն ավելացնում է նաեւ, թե Վենեսուելայի ժողովուրդն ինքը պիտի ընդունի ընդդիմության ղեկավար Հուան Գուաիդոյին աջակցելու որոշում:
Նաեւ դեմոկրատ կոնգրեսականներն են կողմ Մադուրոյի վարչակարգի դեմ Թրամփի վարչակազմի կողմից ընդունված պատժամիջոցներին, սակայն հայտարարում են, թե որեւէ կերպ չպետք է քննարկվի ներխուժում իրականցնելու տարբերակը:
Ինչպես սենատոր Թիմ Քեյնն է ասում. ‘’Ռազմական գործողություն իրականացնելու մասին թեկուզ ամենափոքր խոսակցությունը սովորաբար ավելի է ամրապնդում բռնակալների դիրքերը’’:
Վենեսուելայի հարցով ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետ Էլիոթ Աբրամսը, որպես պատասխան այս մտահոգությանը, հայտարարում է, որ ‘’վարչակազմը չի գնում խնդիրը ռազմական եղանակով լուծելու ճանապարհով’’:
Հիշեցնենք սակայն, որ Բոլոթոնն անցյալ ամիս էր հայտարարել, թե ‘’Թրամփն իր սեղանին ունի դրված բոլոր տարբերակները’’: Սակայն այսօր նա այս հարցը փորձում է շրջանցել, ասելով. ‘’Սպասենք, կտեսնենք’’: