Մատչելի հղումներ

Ներգաղթի շուրջ քաղաքական կրքերը շարունակվում են


Կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման վերացումից հետո քաղաքական կրքերը ներգաղթի խնդրի շուրջ չեն հանդարտվում: Դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատն այս ուղղությամբ հանդես է գալիս մի շարք նախաձեռնություններով:

Ներգաղթի խնդրի շուրջ առկա քաղաքական լարվածությունը ստիպեց դեմոկրատներին հանդես գալ այս ոլորտում սեփական օրակարգով:

«Կարևոր է օրենքներ ընդունել, որոնք կօգնեն տարբեր ծրագրերից օգտվող 100 հազարավոր ներգաղթյալներին, ովքեր մեր երկիրը համարում են իրենց տունը: Պետք է կանգնենք հանուն ամերիկյան արժեքների»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Խոակին Կաստրոն:

Հարյուր հազարավոր անօրինական ներգաղթյալներ այստեղ են տեղափոխվել դեռևս փոքր տարիքում, որպես պատերազմներից կամ բնական աղետներից խույս տված ներգաղթյալներ: Նրանց պաշտպանող օրենքը վերացվեց Թրամփի վարչակազմի կողմից:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ նախաձեռնում է աշխատանք սկսել այս խմբերի պաշտպանության ուղղությամբ: Սակայն հանրապետականները ակնարկում են, որ նրանց ջանքերը ապարդյուն են առանց ներգաղթի ոլորտի խորքային բարեփոխման:

«Յուրաքանչյուր օրինագիծ, որը միտված կլինի զանգվածային օրինականացմանը կամ այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, կհանդիպի հանրապետականների հակազդման»,- նշում է հանրապետական կոնգրեսական Դոգ Քոլինսը:

ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ փոքր տարիքում ԱՄՆ անօրինական ներգաղթածներին քաղաքացիության շնորհումը կխրախուսի անօրինական ներհոսքը երկիր:

«Ես չեմ աջակցի այն երևույթին, որը հանգեցնում է ճգնաժամի խորացմանը, այն ճգնաժամին, որը մենք ունենք երկրի սահմանային գոտում»,- հայտարարել է ներքին գործերի նախարար Քրիսթիեն Նիլսոնը։

Օրենսդիրների մտահոգության կենտրոնում է նաև սահմանից բերման ենթարկված անօրինական ներգաղթյալ երեխաների շուրջ ստեղծված իրավիճակը: Այս երեխաները կարիք ունեն բժշկական և իրավաբանական որակյալ օգնության:

«Համակարգը, որը նախատեսված է Մեքսիկայից ընտանիք չունեցող ներգաղթյալների համար, չի նախատեսում երեխաների գործոնը: Մենք պետք է այս խնդրի շուրջ քայլեր ձեռնարկենք»,- ասում է դեմոկրատ սենատոր Մազիե Հիրոնը:

Սակայն նման օրինագիծը ամենայն հավանականությամբ Սենատում կտապալվի հանրապետականների կողմից, այն դեպքում, երբ փոքր տարիքում անօրինական կերպով ներգաղթած երեխաների մասին օրենսդրական նախաձեռնությունը Ներկայացուցիչների պալատում կարող է ստանալ երկու կուսակցությունների աջակցությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG