ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՝՝Էփըլ՛՛ ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքին չորեքշաբթի օրն անվանել է ՝՝Թիմ Էփըլ՛՛, ինչը մեծ արագությամբ տարածվել է մամուլում։ Թրամփը նման կերպ է ՝՝Էփըլ՛՛-ի ղեկավարին անվանել իր վարչակազմի խորհրդատվական հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին խոշոր ընկերությունների գործադիր տնօրենները։ Մասնակից ընկերությունների շարքում են եղել IBM Corp, Lockheed Martin Corp, Siemens USA եւ Home Depot ընկերությունները։
Քուքը, որը նստած է եղել նախագահի աջ կողքին, վերջինիս արտասանած խոսքերին անմիջական արձագանք չի տվել, եւ շարունակել է գլխի դրական շարժումը, երբ Թրամփը խոսում էր ԱՄՆ-ում աշխատուժի մասին։
Թրամփը բազմիցս է, իր քննադատների ու նախկին քաղաքական գործիչների մասին խոսելիս, կիրառել մականուններ։ Նմանօրինակ մականուններ է նա օգտագործել սենատորներ Մարքո Ռուբիոյի ու Թեդ Քրուզի համար։ Սակայն չորեքշաբթի օրն առաջին անգամն էր, որ նա Քուքին էր դիմում իր հորինած մականունով։