Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպված միջոցառում


ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանակներում մարտի 5-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպել է «Ազգային վիճակագրական գործակալությունների դերը թվային օրակարգի իրականացման գործում» խորագրով հարակից միջոցառում՝ նվիրված Թվային օրակարգի իրականացման գործում վիճակարգրական գործակալությունների դերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումը զուգակցվել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 50-ամյա հոբելյանական նստաշրջանին։

Հանդիպմանը բացման խոսքով ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Որպես բանախոսներ հանդես են եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, նախարար Տատյանա Վալովայան, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական դեպարտամենտի Թվային կառավարման և վիճակագրական բաժանմունքների պաշտոնյաներ, ԵԱՏՄ անդամ երկրների վիճակագրական ծառայությունների ղեկավարներ և տեղակալներ։

Մ. Մարգարյանն իր ելույթում շեշտել է, որ թվային օրակարգը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններից է։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը հանձնառու է պահպանել ԵԱՏՄ-ում համագործակցության և ինտեգրման դրական դինամիկան` տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղենշված Հայաստանի նախագահության առաջնահերթություններին համապատասխան։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ տնտեսական ինտեգրման շրջանակներում Հայաստանը ողջունում է այլ երկրների և կառույցների հետ առկա ու նոր ձևավորվող լավագույն փորձը կիրառելու միջոցով համագործակցությունը խթանելու ջանքերը։

Քննարկմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, Ղրղզստանի Ազգային վիճակագրական կոմիտեի նախագահ Ակիլբեկ Սուլթանովը (Akylbek Sultanov), Բելառուսի Ազգային վիճակագրական կոմիտեի փոխնախագահ Իրինա Կանգրոն (Irina Kangro) և ՌԴ Դաշնային պետական վիճակագրական կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Եգորենկոն (Sergei Egorenko), ովքեր ներկայացրին թվային օրակարգի ոլորտում իրենց երկրների գործունեությունը և առկա մարտահրավերները։

XS
SM
MD
LG