Չինաստանի վարչապետ Լի Կեքյանգը երկրի օրենսդիր մարմնին ուղղված տարեկան զեկույցում հայտարարել է, որ Պեկինը նախատեսում է նվազեցնել հարկերը և կենտրոնանալ նորարարությունների վրա՝ Չինաստանի տնտեսությունը աշխուժացնելու համար:
Վերջինիս խոսքում նկատվել էր մտահոգություն առկա վիճակի վերաբերյալ: Նա շուրջ 70 անգամ օգտագործել է կայունացում բառը: Ըստ վարչապետի, անհրաժեշտ է կայունացնել ֆոնդային բորսան, ֆինանսական սեկտորը, գործազրկությունը, ներդրումներն ու ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունները:
«Այս տարի մեր տնտեսությունը կարող է առերեսել մի շարք մարտահրավերներ: Մենք պետք է պատրաստ լինենք հակազդելու դրանց»,- հայտարարել է վարչապետը:
ԱՄՆ-ի հետ առևտրային ոլորտում առկա անհամաձայնություններն էլ ավելի են խորացնում ճգնաժամը: Վերջինն զարգացումների շարքում է ԱՄՆ-ում չինական «Հուավե» ընկերության շուրջ ստեղծված կացությունն ու ամերիկյան կողմի պահանջն ընկերության ղեկավարի արտաքսման վերաբերյալ: Երկու կողմերը, սակայն, հույս ունեն ի վերջո հանգել ընդհանուր հայտարարի:
Այս տարի Չինաստանը նախատեսում է նաև ընդունել առաջին օտարերկրյա ներդրումների մասին օրենք, որը թույլ կտա աջակցել տեղական ընկերություններին: Վարչապետը հայտարարել է տեղական ընկերությունների համար հարկերի նվազեցման և մի շարք պարտադիր վճարումների վերացման մասին:
Պեկինը նախատեսում է նաև 7,5 տոկոսով մեծացնել ռազմական ծախսերն՝ այն հասցնելով 177 միլիարդ դոլարի: Ըստ վերլուծաբանների, իրական թիվը շատ ավելի մեծ է: Պեկինը երեք անգամ ավելի շատ գումար է ծախսում ռազմական կարիքների համար ի համեմատ օրինակ հարևան Հնդկաստանի: Այս թիվը, սակայն, շատ ավելի ցածր է Վաշինգտոնի ռազմական ծախսերից, որոնք անցած տարի կազմել են շուրջ 700 միլիարդ դոլար:
Facebook Forum