Դաեշի դեմ պայքարն, ըստ շատերի, այդ թվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, մոտենում է ավարտին։ Սակայն միայն այն փաստը, որ Դաեշի պարտությունից հետո ծայրահեղական այս խմբավորման անդամները տարածվում են աշխարհի տարբեր հատվածներում, արդեն խոսում է այն մասին, որ նրանց կողմից կարող է վտանգ սպառնալ այդ երկրներում։
Այդ պատճառաբանությամբ են օրինակ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելում երիտասարդ այն երկու կանանց վերադարձն իրենց երկրներ, որոնք այստեղից էին մեկնել՝ միանալու Դաեշին։
Հոդա Մութանան Սիրիա էր մեկնել 2Օ14-ին, ամուսնացել էր Դաեշի անդամներից մեկի հետ ու իր հերթին հանդես եկել ամերիկացիներին սպանելու կոչերով։ Այժմ 24-ամյա այս կինն ուզում է վերադառնալ ԱՄՆ։
Չնայած այն հանգամանքին, որ նա ունի ամերիկյան անձնագիր ու ծննդյան վկայական, Պետդեպարտամենտը պնդում է, որ նա երբեք էլ իրականում չի եղել ԱՄՆ-ի քաղաքացի, քանի որ Միացյալ Նահանգներում է ծնվել, երբ նրա հայրն այստեղ եղել է այլ պետության դիվանագետ։
19-ամյա Շամինա Բեգունն էլ, որն արդեն ունի երեխա, ցանկանում է վերադառնալ Մեծ Բրիտանիա, որտեղից մեկնել էր Դաեշին միանալու 2Օ15 թվականին։ Իսկ Մեծ Բրիտանիան նրան զրկել է քաղաքացիությունից։
Բրուքինգզի հաստատությունից Մայքըլ Օհենլոնն ասում է, թե անկախ ամեն ինչից, հարկավոր է գործել իրավական համակարգի սահմաններում։ ՝՝Մենք պետք է թույլ տանք նրա մուտքը, ու պետք է անցկացնենք այստեղ արդար դատավարություն, ինչի հիման վրա էլ կայացնենք համապատասխան դատավճիռ՛՛, ասում է նա։
Իսկ ի՞նչ կարող են Միացյալ Նահանգներն ու մյուս պետություններն անել օգնելու համար միլիոնավոր այն մարդկանց, որոնք տեղահանվել են Դաեշի զինյալների կրակի ներքո։
Վերլուծաբանն ասում է, թե ամերիկյան ուժերը դեռեւս հարկավոր է պահել Սիրիայի հյուսիսարեւելյան հատվածներում, որպեսզի այստեղ կայունությունն ապահովելով, ապահովեն նաեւ պայմաններ մարդկանց վերադարձի համար։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է մինչեւ ապրիլի վերջ Սիրիայից դուրս բերել 2ՕՕՕ թվակազմով ուժեր։ Սակայն Սպիտակ տունն ավելի ուշ հայտարարեց, որ մտադիր է 2ՕՕ թվակազմով անձնակազմ թողնել այնտեղ՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։