Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մինչև մարտ ամսվա վերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Համաձայնագրի ճանապարհային քարտեզը վերլուծության է ենթարկվել Բրյուսելի կողմից, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի տարբեր ծառայությունների կողմից: Այն շատ համապարփակ և տպավորիչ փաստաթուղթ է: Այն պարունակում է հարյուրավոր միջոցառումներ, որոնք ուղղված են տարբեր հանձնառությունների իրագործմանը»,- ասաց դեսպանը:
Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն Հայաստանի ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացրել է մինչև հունվարի ամսվա վերջին օրը, իսկ վերջնական ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մինչև մարտ ամսվա վերջ:
«Կարծում եմ՝ մինչև մարտի վերջ կունենանք համաձայնագրի վերջնական ճանապարհային քարտեզը: Ակնկալում ենք, որ այս ճանապարհային քարտեզի վերաբերյալ համաձայնություն և հաստատում կունենանք մինչև մեր գործընկերության հանձնաժողովի նիստը»,- նշեց Սվիտալսկին:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերությանմասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: 2018 թվականիապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է այն: