Ռուսաստանում ձերբակալված ամերիկացի հայտնի գործարար, ներդրող Մայքլ Քալվիին ներկայացվել է խարդախության մեղադրանք։
Գործարարը հերքել է բոլոր մեղադրանքները ավելի քան 37 միլիոն դոլարի գործարքի շուրջ: Նրա ձերբակալությունը ցնցել է ողջ բիզնես հանրությանը:
«Սա շոկ է: Դա ոչ միայն վնասում է, այլ նաև՝ խաթարում Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ամբողջ գործունեությունը: Շուրջ 7-8 տարի հսկա աշխատանք էր տարվել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ»,- ասում է գործարար, էթիկայի գծով օմբուդսմենի տեղակալ Ալեքսանդր Խուրոժինը:
Ձերբակալությունը ինքնին հակասում է Կրեմլի և անձամբ Պուտինի քաղաքականությանը, ով բազմիցս խնդրել է խուսափել այն իրավիճակներից, որոնք կարող են վնասել երկրի տնտեսությունը: Քալվիի ձերբակալությունից հետո ՌԴ նախագահը կրկին վերահաստատել է իր մոտեցումը:
«Մեր նպատակներին հասնելու համար մենք պետք է վերացնենք այն ամենն, ինչ սահմանափակում է ձեռնարկատերերի ազատություններն ու նախաձեռնությունները: Ազնիվ գործարարները չպետք է վախենան, որ կարող են ենթարկվել քրեական կամ վարչական պատասխանատվության»,- հայտարարել է Պուտինը:
Ռուսաստանի տնտեսությունը արդեն մեծ վնասներ է կրել անվստահելի ներդրումային միջավայրի և պատժամիջոցների պատճառով: Այժմ արդեն Պուտինի կողմնակիցներն են ահազանգում Քալվիի ձերբակալության մասին: Ալեքսեյ Կուդրինը դա անվանել է «արտակարգ իրավիճակ տնտեսության համար», իսկ տնտեսագետները նախազգուշացնում են, որ այն ստեղծում է վախի մթնոլորտ ֆինանսական սեկտորում:
«Այս պահին դա վնասում է տնտեսությունը: Դա, իհարկե, բոլորիս մոտ առաջացնում է ձերբակալվելու վախ »,- նշում է Ռուսաստանում Առեւտրի ամերիկյան պալատի նախագահ Ալեքսիս Ռոդզյանկոն:
Քալվիի հետագա ճակատագիրը դեռևս պարզ չէ, սակայն նրա ներդրումների ու ընդհանուր շուկայի վրա բացասական ազդեցությունն ակնհայտ է:
Facebook Forum