Մատչելի հղումներ

Մարդասիրական ճգնաժամը խորանում է Վենեսուելայում


Վենեսուելայի համար նախատեսված օգնությունը շարունակում է գտնվել Կոլումբիայիում: Վենեսուելայի անցումային նախագահ Խուան Գուայդոն հավաստիացրել է, որ օգնությունը մուտք կգործի երկիր փետրվարի 23-ին: Երկրում դեռևս շարունակվում է քաղաքական ճգնաժամը:

Համաշխարհային հանրությունը շարունակում է օգնություն ուղարկել Վենեսուելային: Մայամիում ստեղծվել է համապատասխան կենտրոն , որը կազմակերպում է օգնության ուղարկման ողջ գործընթացը:

«Սա բավական մեծ ինքնաթիռ է, ուր կարող ենք բեռնել մինչև 110 տոննա: Մենք արդեն պատրաստել ենք երկու կոնտեյներ: Բարեբախտաբար Հարավային Ֆլորիդայի շատ համայնքներ մասնակցում են այս նախաձեռնությանը, և ուղեբեռը պատրաստ կլինի արդեն կիրակի օրը, ռեկորդային ժամանակահատվածում», ասում է Վենեսուելային տրամադրվող օգնության համակարգող Մարիսոլ Դիեգուեզը

Մարիսոլ Դիեգուեզը հույս ունի, որ ավելի շատ ամերիկյան քաղաքներ կմասնակցեն այս նախաձեռնությանը:

Իսկ այդ ընթացքում Կարակասում Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները ստորագրություններ են հավաքում ընդդեմ ԱՄՆ-ի կողմից Խուան Գուայդոյի ճանաչմանը անցումային նախագահի պաշտոնում: Նրանց կարգախոսն է «Ձեռքերդ հեռու Վենեսուելայից»: Նրանք հույս ունեն հավաքել հնարավորին չափով շատ ստորագրություններ ընդդեմ ԱՄՆ-ի գործողությունների:

«Մենք ստորագրություններ ենք հավաքում՝ ընդդիմանալով կայսրության կողմից մեր երկիր ներխուժելու ծրագրին: Մենք դեմ ենք այն կայսրություններին, որոնք նվաճում են շատ երկրներ աշխարհում՝ կարծելով, որ իրենք այս աշխարհի տերերն են»,- ասում է Մադուրոյի կողմնակից Վիրջինիա Հերնանդեսը:

Վենեսուելացիների մյուս հատվածը ողջունում է նախագահ Թրամփի ճնշումը Նիկոլաս Մադուրոյի դեմ:

«Նախագահ Թրամփը հստակ նշել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Վենեսուելայի ճակատագրով և հաստատակամ է, որ Վենեսուելան վերադառնա ժողովրդավարությանը»,- ասում է Անջել Մեդինա Դեիվիսը Լատինամերիկյան խորհրդարանից:

Վենեսուելայում շարունակվում է քաղաքական պայքարը Գուայդոյի և Մադուրոյի միջև: Դրան զուգահեռ երկրում խորանում է մարդասիրական ճգնաժամը: ՄԱԿ-ի կանխատեսումներով այս տարի երկիրը կլքեն ավելի քան 5 միլիոն վենեսուելացիներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG