Մատչելի հղումներ

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին երթ հրավիրեց և հայտարարեց ուղերձով ժողովրդին դիմելու մասին


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է 2019 թվականի մարտի 1-ին քաղաքացիական հզոր երթով շարժվել Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին վարչապետը հայտնեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով:

«Այս տարի լրանում է այդ օրվա իրադարձությունների 11-րդ տարելիցը: Երթ անելու որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում: Այս երթը նվիրված է լինելու Հայաստանի քաղաքացու հաղթանակին, ուղղված է լինելու ընդդեմ ընտրակեղծիքների, բռնության, կոռուպցիայի, ապօրինությունների: Երթը նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանում քաղաքացու հաղթանակը և իշխանությունն անշրջելի են: Հայաստանում այլևս չեն լինելու ընտրակեղծիքներ, մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ընդհանրապես, ինչպես նաև քաղաքական բռնությանը, կոռուպցիային, ապօրինություններին»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ այդ օրը նաև հարգանքի տուրք կմատուցվի 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերի հիշատակին: «Այսպիսով, 2019 թվականի մարտի 1-ին ժամը 18:30-ին բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ այնտեղից իրականացնելու քաղաքացիական երթ դեպի Մյասնիկյանի արձան՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ: Այդ օրը ես նաև մտադիր եմ ուղերձով դիմել ժողովրդին: Մարտի 1-ին պետք է ի ցույց դնենք մեր վճռականությունը, նվիրվածությունը Հայաստանում ժողովրդավարությանը և ժողովրդի իշխանությանը»,- եզրափակեց Փաշինյանը:

XS
SM
MD
LG