ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներակայացուցիչների պալատը եւ Սենատը հինգշաբթի օրն ընդունեցին սահմանային անվտանգության մասին օրենքի նախագիծ, որը Մեքսիկայի հետ սահմանին պողպատե պատնեշներ կառուցելուց զատ, ապահովում է դաշնային կառավարության ֆինանսավորումը եւ թույլ չի տալիս այդ հաստատությունների աշխատանքների մասնակի դադարեցում:
Հիմա նախագահ Թրամփն ունի մինչեւ ուրբաթ կեսգիշեր այդ օրինագիծը ստորագրելու համար: Սպիտակ տունը հինգշաբթի օրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախագահը կստորագրի փաստաթուղթը:
Ըստ Կոնգրեսի զույգ պալատների կողմից ընդունված օրինագծի, սահմանի երկայնքով նախատեսվում է բացի պողպատե փշալարային պատնեշների կառուցումից նաեւ տեխնոլոգիական միջոցների վերասարքավորում ու նորացում, սահմանային անցումային կետերում ավելի խիստ ստուգումներ, սահմանապահ ուժերի թվակազմի մեծացում:
Հանրապետական կոնգրեսական Ջոն Ռութերֆորդի խոսքերով, սա պարտություն չէ նախագահի համար: ‘’Սա հաղթանակ է ներքին գործերի նախարարության համար եւ կարեւոր քայլ` սահմանային անվտանգության բնագավառում’’:
Օրինագիծը Թրամփին տալիս է միայն 1 միլիարդ 300 միլիոն դոլար, 90 կմ երկայնքով պողպատե ցանկապատ կառուցելու համար: Հիշեցնենք, որ Թրամփը պահանջում էր 5 միլիարդ 700 միլիոն: Եվ այժմ Թրամփը պատարաստվում է հայտարարել արտակարգ իրադրություն: Նա այս մասին հայտարարեց ուրբաթ օրն առավոտյան: Դա նրան թույլ կտա, դաշնային բյուջեի այլ հատվածներից կրճատումներ կատարելով, դրանք հատկացնել պատի կառուցմանը:
Դեմոկրատներն ու որոշ հանրապետականներ Թրամփի այս որոշման դեմ հանդես կգան դատարանում, ինչը պատի կառուցման հարցը կարող է տարիներով հետաձգել: