Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հայազգի կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփիրի անկոտրում կամքի գաղտնիքը


Ընտանիք, ընկերներ եւ հավատք՝ սա է ԱՄՆ-ի հայազգի կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփիրի անկոտրում կամքի գաղտնիքը.

«Երեք տարր՝ ընտանիք, ընկերներ եւ հավատք. Այս երեքի վրա եմ ես հենվել կյանքիս ամենամութ պահերը հաղթահարելիս»:

Կոնգրեսականը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի «Արամյան տանը» ներկայացրեց իր նոր գիրքը՝ «Անկոտրումը»: Գիրք, որը հիշեցնում է. նույնիսկ երբ անհնար է դիմակայել՝ մի հանձնվիր:

Ջեքի Կանչելյան-Սփիրի մասին ասում են, որ եթե նրա կյանքի մասին վավերագրական ֆիլմ նկարահանեն, այն անհնար կթվա: 1978-ին 28-ամյա Ջեքին կոնգրեսական Լեո Ռայանի փաստահավաք խմբի կազմում ուղեւորվում է Գայանա, որտեղ պետք է հետաքններ զինված աղանդի գործունեությունը: Նրանց ինքնաթիռն օդանավակայանում հրազենային կրակով են դիմավորում: Կոնգրեսական Ռայանն ու եւս չորս աշխատակից սպանվում են: Ջեքի Կանչելյան-Սփիրը հինգ հրազենային վնասվածքներով ուղիղ 20 ժամ օգնության է սպասում:

«Միակ բանը, որ կարող էի անել այդ պահին, աղոթելն էր», - հիշում է Կանչելյան-Սփիրը, ում 25 բարդ վիրահատություն պահանջվեց մասնակի ապաքինվելու համար: Սակայն, նշում է կոնգրեսականը, դա չէր իր կյանքի ամենածանր պահը. 43 տարեկանում, ի հեճուկս վնասվածքների ամուսնանալուց եւ երեխա ունենալուց հետո, կարմիր լույսի տակ ավտոմեքենայով փողոցը հատած երիտասարդի պատճառով մահացու վթարի է ենթարկվում Ջեքի Կանչելյան-Սփիրի ամուսինը: Ամուսնու անշունչ մարմնի արհեստական կենսաապահովումն անջատելու համար բժիշկներին անհրաժեշտ էր տիկնոջ համաձայնությունը: Մի քանի որ անց որոշումն ընդունված էր, ասում է Կանչելյան-Սփիրը.

«Բոլորը կանգնած՝ ինչ վրա էին նայում, սպասելով, որ ես հաստատեմ կյանքիս ամենաբարդ որոշումը: Ես ամուսնուս վերջին հրաժեշտը տվեցի, համբուրեցի նրա տաք շրթունքները, բժիշկին գլխով արեցի եւ սենյակից դուրս եկա»:

Իր ամբողջ կյանքի ընթացքում Ջեքի Կանչելյան-Սփիրը փորձել է ոչ միայն դիմակայել դժվարություններին այլ բարելավել կյանքը մյուսների համար: Տարիներ առաջ նա էր նախաձեռնել Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների ֆինանսավորումը: Աշխատանքներ, որոնք, հայկական կողմի խոսքով, կյանքեր են փրկում: Միջոցառմանը ներկա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն ընդգծեց, Հայաստանում հպարտ են, որ Ջեքի Կանչելյան-Սփիրի նման հայրենակից ունեն ԱՄՆ-ի Կոնգրեսում:

Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» հետո կոնգրեսականը ԱՄՆ-ի մի շարք օրենսդիրների հետ միասին դիմել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյին՝ կոչ անելով նրան նոր մակարդակի վրա բարձրացնել Հայաստանի հետ հարաբերությունները.

«Չանել դա հիմա պարզապես անմտություն է», - նշում է կոնգրեսականը, - «Խոսքս երկու կողմերին է վերաբերվում. Սա լավագույն պահն է, եթե ցանկանաք՝ ոսկե հնարավորությունը մեր հարաբերությունները նոր մակարդակի հանելու համար»:

Facebook Forum

XS
SM
MD
LG