Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում առաքելության հարցով


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի շենքը՝ Վաշինգտոնում
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի շենքը՝ Վաշինգտոնում

՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն արձագանքել է Հայաստանից մասնագետների 83-հոգանոց խմբի գործուղմանը Սիրիա՝ ընդգծելով, որ չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով:

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», - ասված է Պետդեպարտամենտի` լրատվամիջոցների հարցումներին տրված պատասխանում, որը տրամադրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: - «Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով»:

«Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - հայտարարում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Փետրվարի 8-ին հաղորդվեց, որ արդեն Հալեպում է հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83-հոգանոց խումբը: Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Նույն օրը Մոսկվայում ընդունելով իր հայաստանցի գործընկեր Դավիթ Տոնոյանին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնելՀայաստանին Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու համար՝ ասելով․ - «Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին»: Հայաստանի պաշտպանության նախարարն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ ընդգծելով, որ հայաստանյան մարդասիրական առաքելությունը Սիրիա է հասել ռուսական կողմի աջակցությամբ:

Երեկ էլ Երևանում ասուլիսի ժամանակ ընդգծելով, որ Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել՝ հաշվի առնելով Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքը, և առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան, Դավիթ Տոնոյանը հավելեց, որ եթե անհրաժեշտ լիներ նաև ռազմական գործողություններին մասնակցել, դա ևս կարվեր օրենքին համապատասխան և քննարկումներից հետո, ընդ որում՝ նաև արտախորհրդարանական ուժերի հետ: «Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողություններին մասնակցել, Հայաստանի Հանրապետությունը կանի դա ևս օրենքի տառին համապատասխան», - ասաց նախարարը:

XS
SM
MD
LG