ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունների բանագնացները հայտարարում են, թե ինչ որ համաձայնության են եկել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման հարցում, խուսափելու համար դաշնային հաստատությունները նորից մասնակիորեն փակելու հնարավորությունից։ Սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչպես համաձայնությունը կընդունի նախագահ Թրամփը, որն ասել է, թե չի ընդունի որեւէ առաջարկ, որը դեմ է պատը կառուցելու իր ծրագրին։
Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե Հուարեսում մեկ տարվա ընթացքում գրանցվել է 12ՕՕ սպանություն, երբ հարեւան Էլ Փասոյում սպանությունների թիվը կազմել է ընդամենը 23։ Եվ այս մեծ տարբերության պատճառն այն է, ասում է նա, որ Էլ Փասոյում արդեն առկա է Մեքսիկայից բաժանող պատը։ Նրա խոսքերով, ԱՄՆ ժամանող ներգաղթյալների մեջ կան հանցագործներ եւ այդ իսկ պատճառով իր վարչակազմը ստիպում է նրանց սպասել սահմանին, քանի դեռ նրանց փաստաթղթերը չեն ուսումնասիրվել։
Այսպիսով ներգաղթի համար կանգնած հերթը շարունակում է երկարել։ Մեքսիկայի Տիխուանա քաղաքում այսօր գործում են երկու տասնյակ կացարաններ, որտեղ ապաստան են գտել ներգաղթյալներ Վենեսուելայից հեռացած Հաիթիի քաղաքացիներ։ Նրանց տեղավորելու հարցերով զբաղված անձինք ասում են, թե արդեն ի զորու չեն տեղավորել բոլոր ժամանողներին, որոնց մեծ մասը Մեքսիկայից են, Կենտրոնական Ամերիկայից, Հայիթիից ու աֆրիկայն որոշ երկրներից։
Թրամփի առաջարկած պատի մի հատված կառուցվել է Սան Դիեգոյի հարավային սահմանին։ Հինգ մետր բարձրությամբ պարսպից երեւում է մյուս կողմը, որպեսզի սահմանապահները տեսնեն, թե ինչ է կատարվում հակառակ կողմում։
Կկառուցվի՞ այս պատը սահմանի ամբողջ երկայնքով, ինչպես պահանջում է Թրամփը։ Այս հարցի պատասխանն են շարունակում որոնել Վաշինգտոնում հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականները, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, եկել են պատի կառուցումը մասնակիորեն ֆինանսավորելու շուրջ նախնական համաձայնության։ Թրամփը դեռեւս չի ասել, ընդունում է նրանց ընդունածը, թե ոչ։