Մատչելի հղումներ

Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է ՀՀ-ին 5,15 մլն եվրո դրամաշնորհ տրամադրել ճանապարհային անվտանգության բարելավման համար


Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է Հայաստանին 5,15 մլն եվրո դրամաշնորհ տրամադրել ճանապարհային անվտանգության բարելավման համար որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայությունների, 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։ Այս մասին նշվել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների քննարկմանը, որը վերաբերել է Եվրոպական միության կողմից Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ուղղվող ներդրումների հետ կապված հարցերին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ԵՆԲ-ի ներկայացուցիչները ներկայացրել են նախատեսված ներդրումների նպատակները և շրջանակը։

Ընդհանուր առմամբ, նախատեսվել է հատկացնել 5,15 մլն եվրո դրամաշնորհ, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայությունների, 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։

Եվրոպական ներդրումային բանկը տեխնիկական աջակցության համար մրցութային կարգով կընտրի խորհրդատու, որը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2019թ․ ապրիլից։

Տեխնիկական աջակցության շրջանակներում հիմնականում նախատեսվում է՝

  • ավտոճանապարհների վրա ընտրված վտանգավոր տեղամասերի բարելավման առկա նախագծերի վերանայում կամ նոր նախագծերի մշակում,
  • այլ վտանգավոր տեղամասերի հայտնաբերում և դրանց բարելավման նախագծերի մշակում,
  • վտանգավոր տեղամասերի բարելավման առաջնահերթության սահմանում և շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն,
  • ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստում և սերտիֆիկացում
  • ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայում՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ խորհրդատուն սերտորեն համագործակցելու է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ների հետ, և խորհրդատուի արդյունավետ աշխատանքի համար նպատակահարմար է նախապես հավաքագրել ճանապարհային անվտանգությանն առնչվող որոշակի ելակետային տվյալներ, ինչպես օրինակ՝ վերջին հինգ տարիների ընթացքում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարների դասակարգված վիճակագրությունը»։

XS
SM
MD
LG