Մատչելի հղումներ

Հնարավոր է արդյո՞ք խաղաղությունը Աֆղանստանում


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փեթ Շանահանը այցելել է Աֆղանստան՝ երկրի ղեկավարության և այնտեղ տեղակայված ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության հետ հանդիպելու համար:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փեթ Շանահանը այցելել է Աֆղանստան՝ երկրի ղեկավարության և այնտեղ տեղակայված ամերիկյան զորքերի հրամանատարության հետ հանդիպելու համար: Հիշեցնենք, որ Աֆղանստանի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են խաղաղության հաստատման համար:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցը ներառում է այցելություն Քաբուլի մոտ գտնվող ամերիկյան ուժերի ռազմակայան, ուր ԱՄՆ-ի հատուկ ստորաբաժանումները վերապատրաստում են աֆղան զինվորականներին:

Շանահանն ընդգծել է, որ հանդիպումների ընթացքում ցանկանում է կարևորել Աֆղանստանի ղեկավարության մասնակցությունը երկրի ապագայի վերաբերյալ քննարկումներին:

Հիշեցնենք, որ երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի կառավարությունը չի մասնակցում թալիբների ու ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին:

ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Զալմայ Խալիզադն անցած շաբաթ նշել է, որ հավատացած է, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրի, նախքան հուլիս ամսվա նախագահական ընտրությունները: Թալիբանի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 25-ին:

Իսկ Շանահանը նշել է, որ Պենտագոնը կարևոր դեր ունի երկխոսության ծավալման հարցում և սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի ու ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

XS
SM
MD
LG