Մատչելի հղումներ

Ռոբերտ Քոչարյանը խցում մենակ է պահվում, դժգոհ է, որ համակարգիչ չունի. ՄԻՊ


''Ազատություն'' ռադիոկայան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, տեղի է ունեցել առանձնազրույց-քննարկում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թաթոյանը՝ նշելով, որ տարբեր հարցեր են բարձրացվել։

«Օրինակ, տեսակցությունների հետ կապված հարցն՝ ընտանիքի անդամների հետ, մենք դրանով ակտիվ, բնականաբար, զբաղվել ենք։ Արգելանք կա, բայց մենք նույնպես ակտիվ աշխատել ենք այդ ուղղությամբ, ես կարծում եմ, որ մեր միջամտությունից հետո է, որ նաև որոշակի թույլտվություններ եղան ընտանիքի հետ տեսակցելու», - ասաց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ Քոչարյանը խցում միայնակ է։

«Ազատության» հարցին, թե պահման պայմաններից բողոքներ չունի՞, Թաթոյանը պատասխանեց. - «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում խցերը փոքր են, բայց վերաբերմունքից՝ ոչ»։

Մեկ այլ հարցի, թե Քոչարյանն իր իրավունքների հետ կապված դժգոհություննե՞ր է ներկայացրել, օմբուդսմենը պատասխանեց. - «Օրինակ՝ ընտանիքի հետ կապված արգելքը, համակարգչի հետ կապված խնդիրը։ Մենք այդ հարցերը նույնպես բարձրացրել ենք։ Համակարգչի հետ կապված այնտեղ նաև օրենսդրական խնդիրներ կան, այսինքն՝ կառավարության որոշմամբ արգելք կա, հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ։ Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

XS
SM
MD
LG