Մատչելի հղումներ

Ո՞վ է սպանել Ջամալ Հաշոգիին


Ջամալ Հաշոգիի սպանությունը շարունակում է քննարկվել ամերիկյան քաղաքական վերնախավում: Այս պահին պարզ չէ, թե արդյոք վարչակազմը կընդունի իր հետախուզական գործակալության բացահայտումներն այս առիթով:

Ու՞մ հրամանով է Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում դաժանաբար սպանվել լրագրող Ջամալ Հաշոգին: Այս հարցը շարունակում է մնալ անպատասխան:

Շատերը կասկածում են, որ Հաշոգիին սպանելու հրամանը եկել է սաուդցի թագաժառանգ Մահամեդ բին Սալմանի կողմից: Նախագահ Թրամփը հրաժարվել է պատասխանել, թե արդյոք հավատում է այս մեղադրանքներին, թե ոչ: Նախագահն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն բազմիցս ընդգծել են ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև հատուկ հարաբերությունների բնույթը: Հաշոգիի սպանության արդյունքում 17 սաուդցի պաշտոնյաներ ենթարկվեցին պատժամիջոցների: Նրանց թվում չկար սաուդցի թագաժառանգի անունը: Վերջինս հերքում է իր նկատմամբ բոլոր մեղադրանքները:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը ևս ներգրավվել է այս հարցում: Սենատը վարչակազմին է տվել 120 օր՝ վերջնականապես բացահայտելու ու պատժամիջոցներ կիրառելու լրագրողի սպանության բոլոր մեղավորների հանդեպ: Հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Բոբ Քորքերն ասել է, որ նա հավատում է, որ սպանությունը կատարվել է սաուդցի արքայազնի կարգադրությամբ:

ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը սակայն այս առիթով անորոշ է:

«Մենք կշարունակենք խորհրդակցություններն այս առիթով Կոնգրեսի հետ և աշխատանք կտանենք պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր մեղավոր են Հաշոգիի սպանության մեջ »,- հայտարարել էր պետքարտուղարության փոխխոսնակ Ռոբերտ Փալադինոն:

Մարդու իրավունքների և լրագրողների պաշտպանության խմբերը կոչ են անում Սպիտակ տանը պատասխանատվության ենթարկել մեղավորներին և տեղեկություն տրամադրել հանրությանը Հաշոգիի գործի կապակցությամբ: Նրանք պահանջում են նաև կոշտ ուղերձով դիմել Սաուդյան Արաբիայի իշխանություններին այս կապակցությամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG