Մատչելի հղումներ

Թուրքիան փորձում է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ


Թուրքիան ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգների հետ վերջերս վատթարացած հարաբերությունները կարգավորելու նպատակով, Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում հայտարարեց Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Յունալը.

«Մենք մեր կողմից անում ենք ամեն ինչ՝ տարաձայնությունները նվազեցնելու եւ ընդհանրությունները ամրապնդելու համար»:

Թեեւ Սառը պատերազմի տարիներին Թուրքիան կարեւոր դեր էր կատարում որպես ՆԱՏՕ-ի անդամ-պետություն, Խորհրդային Միության փլուզումից հետո հարաբերությունները Արեւմուտքի դաշնակիցների հետ որոշակի փոփոխություն կրեցին, նշեց Յունալը՝ ավելացնելով, որ այժմ հաշվի են առնվում նաեւ այլ գործոններ: Նշենք, որ գործոնների թվում է Թուրքիայում մարդու իրավունքների նկատմամբ կոպիտ խախտումները, որոնց մասին նշում են Վաշինգտոնում: Թուրքիան նաեւ ԱՄՆ-ի դիրքորոշման դեմ է Վենեսուելայի հարցում, որտեղ ամերիկյան կողմն աջակցել է ժողովրդի ազատության պահանջը: Փոխարենը՝ Անկարան աջակցում է Մադուրոյի բռնակալ ռեժիմին:

«Մենք դեմ ենք, որ ընտրյալ ղեկավարները փոխվեն որեւէ այլ կերպ, քան հաջորդ ընտրությունների միջոցով: Հենց այսպես», - Թուրքիայի փոխարտգործնախարարը սակայն չմանրամասնեց, թե ինչ պետք է անի ժողովուրդը, երբ ընտրությունները կեղծվում են:

Մեկ այլ խնդիր, որտեղ Անկարան Արեւմտյան աշխարհի դեմ է դուրս եկել, Մոսկվայի եւ Թեհրանի հետ Սիրիայի հարցում համագործակցությունն է: Սեդաթ Յունալի խոսքով, Ռուսաստանը Թուրքիայի գործընկերն է.

«Մենք նրանց որպես վտանգ չենք դիտարկում: Յուրաքանչյուր երկիր ունի սեփական շահերը եւ մենք փորձում ենք կայունացնել երկիրը»:

Յունալի խոսքով, Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունները կարգավորելու համար Թուրքիան աշխատանքային խմբեր է ստեղծել, որոնք փորձելու են կլոր սեղանի շուրջ քննարկել բոլոր հարցերը: Լրագրողների հարցերին Թուրքիայի փոխարտգործնախարարը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ որեւէ հարցազրույց չի տալիս:

Հիշեցնենք, 2018-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ էր ընդունել՝ պահանջելով ամերիկացի եկեղեցականին ազատ արձակել Թուրքիայի բանտից: Ու թեեւ Թուրքիայի դեմ Ամերիկայի կոշտ պատժամիջոցները շարունակվեցին ընդամենը մի քանի շաբաթ, դրանց հետեւանքով Թուրքիայի տնտեսությունը մինչ օրս անկում է ապրում: Այս հունվարին Դոնալդ Թրամփը նաեւ սպառնացել էր կործանել Թուրքիան տնտեսապես, եթե այն Սիրիայի տարածքում հարձակում իրականացնի ԱՄՆ-ի դաշնակից քրդերի դեմ:

Facebook Forum

XS
SM
MD
LG