Մատչելի հղումներ

Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են, ասում է ամերիկացի վերլուծաբանը


Վրաստանում և Բելարուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պրոֆեսոր Քենեթ Յալովից
Վրաստանում և Բելարուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պրոֆեսոր Քենեթ Յալովից

Հայաստանում և տարածաշրջանում ընթացող զարգացումների մասին Ամերիկայի Ձայնը խոսել է Վրաստանում և Բելարուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պրոֆեսոր Քենեթ Յալովիցի հետ:

Շնորհակալություն պարոն դեսպան, որ այցելել եք մեր տաղավար: Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ավարտին հասցրեցին անցումային շրջանը: Ձևավորվել է նոր կառավարություն: Ձեր գնահատականը Հայաստանում այսօր ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ:

Թույլ տվեք սկսել ընդհանուր ձևակերպումներով: Երբ ես զբաղեցնում էի ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, ժողովրդավարության զարգացման գործընթացը շատ դժվարություններ ուներ: Մենք չենք պարտադրում բոլորին ԱՄՆ-ի օրինակը, սակայն համուզված ենք, որ ժողովրդավարության զարգացումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր գործոններ են: Վերջին տարիներին շատ երկրներում գրանցվեց նահանջ այս առումով: Մենք դա տեսնում ենք Հունգարիայում, մենք դա տեսնում ենք Ռուսաստանում և այլ երկրներում: Ոմանք մտավախություն ունեն, որ արձանագրվում է վերադարձ դեպի ավտորիտարիզմ: Այս նույն մտավախությունը առկա է նաև Արևմտյան Եվրոպայում:

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ինձ համար դրական ազդանշան էր, որ պայքարը հանուն ժողովրդավարության, թափանցիկ կառավարման համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության և ընդդեմ կոռուպցիայի շարունակվոմ է: Հայաստանում տեղի ունեցածը շատ դրական զարգացում է: Ընտրություններից հետո տեսնում ենք, որ ժողովրդականություն վայելող նորընտիր վարչապետը նվազեցնում է նախարարությունների թիվը, ջանքեր է գործադրում ավելի թափանցիկ կառավարման համակարգ ձևավորելու ուղղությամբ: Վերջերս National Democratic Institute (NDI) կազմակերպել էր ֆորում, որին ներկա էին քաղաքական բոլոր ուժերը և չափազանց կարևոր է, որ այս նոր վարչակազմի օրոք նրանց բոլորի միջև առկա է երկխոսություն: Հայաստանը երկար տարիներ կառավարվել է կոռումպացված կառավարությունների կողմից որոնք ժողավրդավարական չէին, և այս նոր շունչը չափազանց ոգևորիչ է:

Խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը ստացավ ձայների ճնշող մեծամասնությունը: Կարծիք կա, որ իշխանության նման կենտրոնացումը բացասաբար կանդրադառնա ժողովրդավարական գործընթացների վրա: Ի՞նչ եք կարծում այս առիթով:

Կարծում եմ , որ դա չափազանց արդարացի մտահոգություն է: Օրինակ Վրաստանում այս փաստը հիմնական մտահոգություններից մեկն է: Վրացական Երազանք կուսակցությունը ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, և անցած ընտրությունները մտահոգիչ էին, քանի որ թվում է արձանագրեցին մի փոքր նահանջ, առաջընթացի փոխարեն:

Նման իրավիճակը մտահոգության առիթ է տալիս Հայաստանի պարագայում: Երբ մեկ կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն, գայթակղությունը մեծ է կառավարել առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու: Երբեմն զարգացումները ընթանում են ավելի վատ սցենարով, և փորձ է արվում փոխել Սահմանադրությունը՝ օգտագործելով բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Իհարկե պարտադիր չէ, որ զարգացումները ընթանան այս սցենարով, բայց դա հավանական սցենար է, որը նման է դեղին լույսի զգուշացման: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել դրան:

Այսօր պարոն Փաշինյանը մեծ ժողովրդականություն է վայելում: Որոշ ժամանակ անց սակայն նա կառերեսվի քննադատության հետ: Կարծում եմ՝ իշխանության գալը ամենադժվար մասը չէ: Ավելի դժվար է հետագայում: Նրանք պետք է վերացնեն կոռուպցիան համակարգում, որը շատ խորն է արմատացած, պետք է պետական կառավարման համակարգը դարձնեն ավելի թափանցիկ, պետք է բարեփոխեն արդարադատության համակարգը: Այս ճանապարհին նրանք կհանդիպեն դիմադրությանը և քննադատությանը, ու ընդդիմությանը լռեցնելու գայթակղությունը մեծ է լինելու: Եվ դա կհանդիսանա իրական փորձություն նրանց համար:

Ես հավատում եմ Փաշինյանին՝ հենվելով այն ամենի վրա, որ կարդացել ու լսել լսել եմ նրա հետ կապված, բայց իշխանությունը հաճախ փոխում է մարդկանց: Շատ կարևոր է, որ լինի ազատ մամուլ: Դրսում եղած Հայաստանի բարեկամները պետք է ուշադրությամբ հետևեն այնտեղ ընթացող գործընթացներին և շարունակեն խրախուսել դրական զարգացումներն այնտեղ:

Ձեր կարծիքով, որո՞նք են այն հիմնական մարտահրավերները Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին և ի՞նչ խնդիրների վրա պետք է կենտրոնանա իշխանությունը առաջին հերթին:

Կցանկանամ մատնանշել երկու հարց: Առաջինը՝ անհրաժեշտ է արմատախիլ անել կոռուպցիան: Վերջին տարիներին այստեղ սերտ կապ էր հաստատվել կոռուպցիայի և պետական պաշտոնյաների միջև: Կառավարության անդամները, պատգամավորները չարաշահում էին իրենց դիրքը՝ այն օգտագործելով անձնական շահերի համար: Դա կլինի շատ կարևոր ցուցանիշ: Երկրորդը, դա մամուլի ազատությունն է և ազատ խոսքի իրավունքի պաշտպանությունը:

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես խոչընդոտել է երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանը: Այն օգտագործվում էր որպես արդարացում ժողովրդավարացման դեմ: Գիտեմ, որ այս խնդիրը ցավագին է երկու ժողովուդդների համար, սակայն այս ուղղությամբ առաջընթացն ու խնդրի կարգավորումը չափազանց մեծ նշանակույուն ունեն: Հույս ունեմ, որ Հայաստանում այս նոր իշխանության պարագայում կկարողանանք հասնել ժողովուրդների միջև երկխոսության: Դրա համար անհրաժեշտ են հարթակներ: Խնդիրն իր արմատներով գալիս է անցած դարվա 90-աքկաններից, բայց նախկինում մարդիկ ապրում էին միասին խաղաղ կյանքով գյուղերում ու այլ բնակավայրերում: Անհրաժեշտ է, որ մարդիկ խոսեն միմյանց հետ, վերականգնվեն նախկինում կորսված կապերը: Անհնար է առանց այդ ամենի հասնել խաղաղ պայմանագրի կնքմանը: Անհրաժեշտ է հիմք պատրաստել դրա համար: Հուսամ արտգործնախարարները քննարկել են այս հարցերը: Ժողովուրդների միջև երկխոսությունը շատ լավ հնարավորություն է դրա համար: Եթե մարդիկ հնարավորություն ունենան հատել սահմանը, շփվել միմյանց հետ, եթե լինի որևէ տեխնիկական համագործակցություն, այդ ամենը կնպաստի դրան

Ինչպե՞ս կարող է Արևմուտքը օժանդակել Հայաստանին վերջինիս ժողովրդավարացման ճանապարհին:

Արևմուտքը իհարկե պետք է աջակցի: Ես իմ մի շարք գործընկերների հետ մի քանի հրապարակումներում գրել եմ, որ Վրաստանն ու Հայասատանը ժողովրդավարության օրինակներ են այս տարածաշրջանում, ուր քիչ են դրական ազդակները ժողովրդավարության զարգացման հետ կապված: Մենք պնդել ենք, որ ԱՄՆ և ԵՄ պետք է մշտապես տեղյակ լինեն, թե ինչ է կատարում այնտեղ, շարունակեն ժողովրդավարության խրախուսման, տնտեսական օգնության ծրագրերը: Դրական եմ գնահատում, որ Հայաստանը ունի համաձայնագիր Եվրամիության հետ: Իհարկե վարչապետ Փաշինյանը ստիպված է զգուշորեն պահպանել հավասարակշռությունը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա չի ցանկանում հայտնվել Վրաստանի վիճակում, երբ 2008 թվականին բռնկվեց պատերազմ: Դրական եմ գնահատում նրա ջանքերը ԵՄ ու ԱՄՆ-ի հետ ավելի բաց և սերտ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Միջազգային հարաբերություններում այսօր ստեղծվել է նոր մի կացություն՝ կապված մասնավորապես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև միջին հեռահարության ն միջուկային հրթիռների վերաբերյալ պայմանագրից վերջիններիս դուրս գալու հետ: Ինչպե՞ս դա կանդրադառնա Հարավային Կովկասի վրա:

Նախ նշեմ, որ դժգոհ եմ այս պայմանագրից դուրս գալու կապակցությամբ: Անկասկած Ռուսաստանի գործողությունները մտահոգությունների առիթ են տվել ԱՄՆ-ին, բայց ես կգերադասեի, որ մնայինք համաձայնագրում և փորձեինք այս ձևաչափով լուծել խնդիրները՝ չնայած իհարկե Ռուսաստանը ակնհայտ խախտել է համաձայնագիրը: Սակայն սա չի նշանակում վերադարձ Սառը պատերազմին, ուր երկու գաղափարական ճամբարներ հակադրվում էին միմյանց՝ օգտագործելով միջուկային զինանոցը: Այսօր մենք դեռևս այդ իրավիճակում չենք ու չեմ կարծում , որ կհասնենք դրան: Այսօրվա իրավիճակն իմ կարծիքով լրջորեն տարբերվում է սառը պատերազմի օրերից:

Հայաստանի ու Վրաստանի նման երկրների համար կարևոր է ցույց տալ, որ չնայած ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հակասությունների, ցանկությունը դեպի ժողովրդավարացում չի նվազել: Տեսեք՝ ինչ է կատարվում Վենեսուելայում: Կարծում եմ ընդամենը ժամանակի հարց է, որ ժողովրդավարական ուժերն այնտեղ հաղթանակ տոնեն և գան իշխանության: Մյուս օրինակը Սալվադորն է, ուր անցան ժողովրդավարական ընտրություններ: Ժողովրդավարությունը շատ զորեղ ուժ է: Դրա բացակայությունը ի վերջո հիմնական պատճառներից էր, թե ինչու փլուզվեց Խորհրդային Միությունը, մի շարք այլ պատճառների հետ մեկտեղ, ներառյալ նացիոնալիզմը, պլանային տնտեսության կործանումը, կոմունիստական կուսակցության մենաշնորհը: Այսօր ես որոշ մտահոգություններ ունեմ օրինակ Արևելյան, և ինչու ոչ՝ Արևմտյան Եվրոպայի կապակցությամբ ընթացող գործընթացների վերաբերյալ ներառյալ պոպուլիզմը, ծայրահեղ ազգայնականությունը, հակաիմիգրացիոն տրամադրությունները: Շատ կարևոր է ունենալ օրինակներ, երբ մարդիկ Հայաստանի նման պայքարում են հանուն ժողովրդավարության: Ես կոչ եմ անում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին շարունակել իրենց ընտրած ուղին: Դուք միայնակ չեք: Ամեն ինչ նկատվում է, և դա շատ լավ օրինակ է:

Շնորհակալություն պարոն դեսպան:

Facebook Forum

XS
SM
MD
LG