Աֆրիկայի մի շարք երկրներում շարունակվում են արյունոտ հակամարտությունները, մեծաթիվ երկրներ` տառապում մարդու ու բնության կողմից հարուցված խնդիրների պատճառով: Սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը հավատում է, որ իր կազմակերպության եւ Աֆրիկյան միության միջեւ ավելի սերտ հարաբերությունները կարող են կարեւոր դեր խաղալ այս մայրցմաքում առկա խնդիրները լուծելու գործում:
‘’Մենք ուզում ենք, որ Աֆրիկան հաղթահարի իր դժվարությունները, որ այս մայրցամաքում արթնանա ապագայի նկատմամբ հույս, որ խնդիրներին փոխարինելու գան հնարավորությունները’’, ասում է նա:
Քաղաքական խնդիրներից է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության նախագահական ընտրությունները, երբ շատերի համոզմամբ նախագահ է դարձել ավելի քիչ ձայն ստացած թեկնածուն:
Ու քանի որ անցած 60 տարիների ընթացքում իշխանափոխությունն այստեղ առաջին անգամ է տեղի ունենում առանց արյունահեղության, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտում է նոր կառավարության կողմից բոլոր կողմերի հետ երկխոսություն սկսելու կարեւորությունը:
‘’Ուզում ենք այստեղ տեսնել իշխանության խաղաղ փոխանցում, որը երկրին թույլ կտա շարժվել առաջ, իսկ ՄԱԿ-ին կտա այս երկրին աջակցելու լայն հնարավորություն’’, ասում է Գուտերեսը:
Նրա խոսքերով, իր կազմակերպությունն աշխատում է ‘’խաղաղության դիվանագիտության’’ միջոցով հասնել նրան, որ մինչեւ 2020 թվականն ավարտվեն աֆրիկյան մայրցամաքի բոլոր պատերազմները:
Նա այս առումով նշում է Հարավային Սուդանում հակամարտ Սալվա Քիիր եւ Ռիեք Մաչար ցեղախմբերի միջեւ խաղաղության հաստատումը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետության կառավարության եւ զինված մի քանի խմբավորումների միջեւ համաձայնության կայացումը: Դիվանագիտության հաջողություն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համարում Եթովպիայի եւ Էրիթրիայի միջեւ վերջերս կայացված հաշտության համաձայնությունը:
Նրա խոսքերով, Աֆրիկայի այլ հատվածներում եւս նկատվում են դրական տեղաշարժեր: ‘’Եվ մենք ունենք մեծ պատրաստակամություն` աշխատելու Աֆրիկյան միության ու այլ կազմակերպությունների հետ` իրականություն դարձնելու համար շատերի երազանքը եւ վստահ լինելու համար, որ այստեղ հակամարտությունները կմարեն մինչեւ 2020 թվականը’’, ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Խաղաղության, կայունության եւ զարգացման ուղերձով է նա մեկնում Ադիս Աբեբա` մասնակցելու Աֆրիկյան միության գագաթաժողովին: