Մատչելի հղումներ

Freedom House. Հայաստանը՝ ժողովրդավարացման միտումների առաջատար


13 տարի անընդմեջ շարունակվող ազատության նվազումը համաշխարհային մակարդակով մտահոգության տեղիք է տալիս, Վաշինգտոնում ներկայացնելով զեկույցը նշեց Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը: Նրա խոսքով, այս իրավիճակում կրկնակի կարեւոր է Հայաստանում եւ մի քանի այլ երկրներում գրանցված առաջընթացը.

«Մի շարք երկրներում՝ Հայաստանում, Մալազիայում, Եթովպիայում եւ Անգոլայում, գրանցվել է հսկայական առաջընթաց եւ մենք հույս ունենք, որ սա ժողովրդավարացման միտման սկիզբ է»:

Հայաստանի քաղաքացիներն արեցին մի բան, որի կարեւորությունը կարող է դիտարկվել ավելի գլոբալ մակարդակով, նշում է Աբրամովիցը.

«Հայաստանի դեպքում, մարդիկ պարզապես այլեւս չէին հանդուրժում կոռուպցիան եւ բռնատիրությունը եւ պարզապես շպրտեցին իշխանություններին»:

Այլ միտումներ են գրանցվել աշխարհի մյուս հատվածներում: Միացյալ Նահանգները, մնալով ազատ երկիր, այնուամենայնիվ, ազատության սանդղակում Եվրոպայի առաջատար ժողովրդավարություններից ցածր է իջել: Եվրամիության ներսում եւս կան տհաճ անակնկալներ՝ Հունգարիան դարձավ առաջին պետությունը, որին հաջողվեց տխրահռչակ ռեկորդ սահմանել, դառնալով ԵՄ կազմում գտնվող առաջին կիսով չափ անազատ երկիրը, նշում է Ջոնս Հոփքինսի համալսարանի դասախոս Յաշա Մունքը.

«Երբ նայում ենք Հունգարիայի նման մի երկրի վրա, որը նշաձողից շատ ավելի ցածր է, տեսնում ենք այդ երկրի վարչապետի ձեռքում կուտակված ծայրահեղ մեծ իշխանությունը, ապա գիտակցում ենք, որ այնտեղ միանշանակ կոռուպցիոն գործընթացներ են ընթանում»:

Փորձագետների խոսքով, ազատությունների ոլորտում գլոբալ հետընթացի հիմնական պատճառները երեքն են՝ տնտեսական անկում, միգրացիոն գործընթացներ եւ, որքան էլ զարմանալի չէ, ինտերնետի եւ բարձր տեխնոլոգիաների զարգացումը: Դեռեւս մեկ տասնամյակ առաջ ակնկալվում էր, որ ինտերնետը դառնալու է համընդհանուր ժողովրդավարացման միջոց, նշում է Մայքլ Աբրամովիցը: Այսօր պարզ է դառնում, որ բարձր տեխնոլոգիաների հնարավորություններից օգտվելու են նաեւ այլ նպատակներով.

«Այսօր այն շահագործվում է բռնապետական եւ այլ ուժերի կողմից, ովքեր փորձում են թուլացնել ժողովրդավարությունը: Եւ մենք որպես հասարակություն դեռեւս ինքներս չենք պարզել մեզ համար, թե ինչպես ենք պահպանելու բոլորիս թանկ արժեքները՝ խոսքի ազատությունը, միեւնույն ժամանակ թույլ չտալով չար ուժերին խափանել մեր ընտրությունների ընթացքը»:

Facebook Forum

XS
SM
MD
LG