Քաղաքական ճգնաժամը Վենեսուելայում շարունակվում է, որին նպաստում է նաև երկրի սոցիալիաստական կառավարության վարած անարդյունավետ քաղաքականությունն ու կոռուպցիայի բարձր մակարդակը:
«Այս տարածաշջանում մարդասիրական ճգնաժամի հաղթահարումը հիմնարար խնդիր է: Նիկոլոս Մադուրոն գտնվում է անօրինական գործունեության էպիկենտրոնում ներառյալ թմրամիջոցների շրջանառության, ոսկու և զենքի անօրինական առևտրի ու մարդկանց անօրինական տեղաշարժի»,- նշում է Ատլանտյան խորհրդի փորձագետ Ջեյսոն Մարժակը
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, 2015-ից սկսած շուրջ 3 միլիոն վենեսուելացի լքել է երկիրը:
Մարդկանց արտահոսքի հիմնական պատճառներն են երկրում առկա մեծ չափի սղաճը, բռնություններն ու սննդամթերքի ու դեղորայքի պակասը:
Ռուսաստանն աջակցում է Վենեսուելայի սոցիալիստ իշխանություններին: Այն անօրինական է որակել ԱՄՆ-ի պատժամիջոցները և զգուշացրել ռազմական միջամտության վերաբերյալ:
«Ռուսաստանի հիմնական շահը կայանում է նրանում, որ այն զենք է վաճառում Նիկոլաս Մադուրոյին: Դրա հետ մեկտեղ Ռոսնեֆտ ընկերությունն այստեղ ունի մեծ ներդրումներ»,- ընդգծում է Մարժակը:
Ըստ Reuters գործակալության, Մադուրոն ստորագրել է համաձայնագիր, որով Ռոսնեֆտին է հանձնել ԱՄՆ-ում գտնվող Citgo ընկերության բաժնեմասի 49,9 տոկոսը 1,5 միլիարդ դոլարի դիմաց:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանը Վենեսուելային է տրամադրել 2006-2017 թթ ընթացքում 17 միլիարդ դոլարի վարկեր՝ դառնալով երկրի ամենամեծ վարկատուն Չինաստանից հետո:
Ըստ փորձագետների, ամերիկյան պատժամիջոցները ծանր հարված է Մադուրոյի կառավարությանը, սակայն նրանք զգուշացնում են, որ դրա արդյունքում տուժում է նաև Վենեսուելայի ժողովուրդը:
«Նավթը ապահովում է Վենեսուելայի պետական եկամուտների մոտ 80 տոկոսը, որի միջոցով երկիրը ներմուծում է սննդամթերք և դեղորայք: Այստեղ արդեն առկա է դրա պակասը: Կա մեծ վտանգ, որ պատժամիջոցներն այստեղ կհանգեցնեն մարդասիրական ճգնաժամի խորացմանը»,- ասում է Վենեսուելայի գծով փորձագետ Ջեոֆ Ռամսին:
Ակնհայտ է, որ Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի խորացման հիմնական զոհը Վենեսուելայի ժողովուրդն է, որը տառապում է ստեղծված կացության պատճառով:
Facebook Forum