Մատչելի հղումներ

Փաշինյանը բավարարված է Մերկելի հետ բանակցությունների արդյունքից


''Ազատություն՛՛ ռադիոկայան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների արդյունքներից։ Այդ մասին Փաշինյանը հայտարարեց հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կարող ենք արձանագրել, որ այս պահին գոնե ես բավարարված եմ մեր քննարկումների արդյունքներից, բանակցությունների արդյունքներից, և կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն խոչընդոտներ չկան, այլև կարծես թե կա փոխադարձ հետաքրքրություն այդ հարաբերություններին նոր ազդակ, նոր թափ հաղորդելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ քննարկել են երկկողմ հարցերին վերաբերող լայն շրջանակ, այդ թվում՝ առանձնահատուկ կարևորություն է ստացել տնտեսական համագործակցության թեման։

«Արձանագրել ենք, որ այսօր արդեն գերմանական կապիտալի ներգրավման մի քանի ներդրումային կարևոր ծրագրեր են իրականացվում Հայաստանում և մենք հույս ունենք, որ ներդրումային միջավայրի բարելավմանը զուգընթաց գերմանական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում անխուսափելիորեն կավելանան», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ խոսել են նաև տարածաշրջանային խնդիրներից։

«Ըստ էության խոսեցինք նաև տարածաշրջանային իրավիճակի մասին, միջազգային օրակարգին վերաբերող հարցերից, և ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք փոխադարձ ըմբռնում։ Իհարկե մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը չափազանց կարևոր են, բայց իհարկե նաև կարևոր է արձանագրել, որ այդ խաղաղությունը և կայունությունը պետք է լինեն բազմակողմ ջանքերի արդյունք։

Մենք խոսել ենք նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և այս արձանագրումը նույնպես այդ համատեքստում արվել է, որ պետք է լինի գործընթացը երկկողմանի և չի կարող այդ գործընթացը տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG