Մատչելի հղումներ

 
Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելն առանձնահատուկ կարևորություն են տվել տնտեսական համագործակցությանը

Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելն առանձնահատուկ կարևորություն են տվել տնտեսական համագործակցությանը


Գերմանիան Հայաստանի Հանրապետության համար կարևոր միջազգային գործընկեր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գերմանիան Եվրոպական Միության անդամ երկրներից Հայաստանի համար առաջին առևտրատնտեսական գործընկերն է, իսկ աշխարհում՝ երկրորդը:

«Այս փաստով արդեն արձանագրվում են այն առանձնահատուկ հարաբերությունները, որ ունեն Հայաստանը և Գերմանիան: Մեր հարաբերությունները բավականին լավ, դինամիկ զարգացում են ստանում, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տիկին կանցլերը Հայաստանում էր, իսկ հիմա տեղի է ունենում իմ այցը: Ես ուրախ եմ, որ այս ընթացքում կարևոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը ցույց է տվել, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներն անշրջելի են: Կարևոր է ընդգծել, որ մեր ԵՄ գործընկերները և Գերմանիան այս բարեփոխումների համատեքստում մեր առաջ չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը կարող է լիարժեք իրականացվել Եվրամիության և, իհարկե, նաև Գերմանիայի աջակցությամբ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Անգելա Մերկելի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորություն են տվել Հայաստանի և Գերմանիայի տնտեսական համագործակցությանը: «Հայաստանում գերմանական կապիտալի ներդրմամբ մի քանի կարևոր ծրագրեր են իրականացվում: Մենք հույս ունենք, որ գերմանական ներդրումները Հայաստանում անխուսափելիորեն կավելանան»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևոր հարցերի: Ուրախ եմ արձանագրել, որ այդ հարցերի վերաբերյալ մենք ունենք փոխադարձ ըմբռնում: Իհարկե, մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր են, բայց խաղաղության և կայունության ապահովումը պետք է լինի բազմակողմ ջանքերի արդյունք»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այս համատեքստում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

XS
SM
MD
LG