Մատչելի հղումներ

Կարող է արդյո՞ք պատի խնդիրը արտակարգ իրավիճակ ստեղծել ԱՄՆ-ում


ԱՄՆ Կոնգրեսում մեկնարկեցին բանակցությունները հանրապետականների ու դեմոկրատների միջև սահմանային անվտանգության հարցերի շուրջ, որոնք 35 օրյա կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցման պատճառ էին հանդիսացել: Բանակցությունների ժամկետը մինչև փետրվարի 15-ին է:

Վաշինգտոնում դաշնային ծառայության աշխատակիցները վերադառձել են աշխատավայր 35 օրյա կառավարության մասնակի փակումից հետո: Սա ԱՄՆ-ի պատմության ամենաերկարաժամկետ կառավարության փակումն էր:

Կառավարության ֆինանսավորումը ժամանակավորապես վերականգնվեց, երբ հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնվեցին բանակցել սահմանային անվտանգության հարցերի շուրջ՝ փոխզիջման հասնելու համար:

Նախագահ Թրամփը սակայն շարունակում է պնդել, որ համաձայնությունը պետք է ընդգրկի սահմանային պատի կառուցման ֆինանսավորում: Հակառակ պարագայում նախագահը խոստանում է կամ կրկին փակել կառավարությունը փետրվարի 15-ին կամ հայտարարել արտակարգ դրություն:

Հանրապետականները սակայն այդքան էլ հակված չեն կրկին փակելու կառավարությունը:

«Չեմ կարծում, որ կառավարության ֆինանսավորման դադարեցումը ձեռնտու է որևէ մեկին: Կարծում եմ անհրաժեշտ է խուսափել դրանից»,- նշել է Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը:

Հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը հակված է մեղադրել նախագահ Թրամփին և հանրապետականներին կառավարության փակման համար, որը բխում է դեմոկրատների շահերից:

«Հուսամ սա դաս կլինի նախագահ Թրամփին և իմ բոլոր հանրապետական գործընկերներին: Այլևս ոչ մի կառավարության փակում: Հուսամ նախագահն այլևս չի դիմի նման քայլի»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Չակ Շումերը:

Փորձագետները ևս համամիտ են, որ նախագահի հաշվարկը սխալ էր կառավարության փակման հարցում:

«Նախագահը թերագնահատեց այն ազդեցությունը, որ կառավարության փակումը կունենա սովորական մարդկանց վրա: Ոչ-ոք այսօրվա Սպիտակ տանը այդպես էլ չի հասկանում, թե որքան կարևոր է Ամերիկայի տնտեսության համար կառավարության գործունեությունը»,- հայտնել է Էլեյն Քամարքը Բրուքինգսի հաստատությունից:

Կառավարության փակման համար նախագահին քննադատել են նաև իր կողմնակիցները:

«Նախագահը չունի վախ: Ես տեսել եմ քաղաքականության մեջ անվախ գործիչների և դա դրական գիծ է: Սակայն երբ սկսում ես գործել իմպուլսներով և չունես ծրագիր, լավ արդյունքի չես հանգում: Դա էլ կարծում եմ տեղի ունեցավ փակման խնդրի հետ»,-նշում է նախկին նահանգապետ Քրիս Քրիսթին:

Թրամփի շատ կողմնակիցներ ակնկալում են, որ նախագահը կհայտարարի արտակարգ դրություն՝ պատի ֆինանսավորման համար: Վերլուծաբան Ջոն Ֆորթիերին ընդգծում է պատի հարցում նախընտրական խոստման կարևորությունը, քանի որ այն զգալի տեղ էր զբաղեցնում Թրամփի նախընտրական քարոզարշավում: Սակայն մեկ այլ վերլուծաբան Էլեյն Քամարքի կարծիքով, եթե նախագահը կենտրոնանա միայն իր ընտրողների վրա, ապա դա կարող է բերել նրան պարտության:

Շուտով նախագահը հանդես կգա տարեկան իր ուղերձով: Անկասկած նա կանդրադառնա նաև սահմանային պատի կառուցման հիմնախնդրին:

Facebook Forum

XS
SM
MD
LG