Մատչելի հղումներ

Վաշինգտոնում նշեցին Հայոց բանակի օրը


Հայկական բանակին նվիրված երգեր Վաշինգտոնում՝ այսպես Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատանը նշեցին Հայոց բանակի օրը: Տասնյակ երկրների ռազմական կցորդներ եւ բարձր հյուրեր Պենտագոնից՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուպերն անձամբ էր եկել շնորհավորելու Հայաստանի բանակի տոնը: Իր խոսքի մեջ Պենտագոնի ներկայացուցիչն առանձին ընդգծեց՝ խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությունը կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար.

«Պաշտպանության նախարարության անունից առաջին հերթին ցանկանում եմ մեր շնորհակալությունը հայտնել Հայաստանի Զինված ուժերի անձնազոհ նվիրվածության համար՝ ամբողջ աշխարհում միջազգային գործողությունների եւ խաղաղապահ առաքելությունների իրականացման գործում»:

Լիբանանում, Մալիում, Կոսովոյում եւ Աֆղանստանում հայ խաղաղապահների մասնակցությունը կարեւորում են նաեւ Երեւանում, ընդգծում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը.

«Մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ի հովանու ներքո անցնող խաղաղապահ առաքելությունները լավագույն գործիքներից են՝ հակամարտությունները, զանգվածային բռնությունները կանխելու համար»:

Խաղաղությունն անգին է, ընդգծում է գնդապետ Մկրտչյանը, եւ դրա պահպանման համար անհրաժեշտ են լուրջ ջանքեր: Այդ մասին Երեւանում երբեք չեն մոռանում, ավելացնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը.

«Առաջնորդվելով Հարավային Կովկասում եւ ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման առաքելությամբ՝ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը շարունակում են արդիականացնել մեր զինված ուժերը: Մեր գործընկերների օգնությամբ շարունակվում են բարեփոխումները՝ ուղղված բարձր պատրաստականություն ունեցող զինված ուժերի կառուցմանը»:

Ամերիկյան կողմը նույնպես պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ ռազմական հարաբերությունները, նշում է Լորա Քուպերը: Նրա խոսքով, մոտ ապագայում ինքը Երեւան է այցելելու՝ տեղում քննարկելու հարաբերությունների խորացման հեռանկարները.

«Մենք միասին ենք ներդրում կատարում ազատ եւ բարգավաճող Հայաստանի կառուցման գործում»:

Facebook Forum

XS
SM
MD
LG