Մատչելի հղումներ

Հետազոտություն. Արաբական գարունը կապված է կլիմայի փոփոխության հետ


Գիտնականները հրապարակել են նոր  հետազոտություն, որը մատնանշում է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայոմ Արաբական գարնանը հաջորդած զանգվածային արտագաղթի ու կլիմայի փոփոխության միջև կապը:

Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայոմ Արաբական գարնանը հաջորդած տարիներին միլիոնավոր մարդիկ լքեցին իրենց տները և բռնեցին ներգաղթի ուղին:

Գիտնականների հրապարակած վերջին հետազոտությունը կապ է հաստատել արաբական գարնան հետ կապված զարգացումների ու կլիմայի փոփոխության միջև, որը նպաստել է մարդկանց զանգվածային արտահոսքին:

Ըստ զեկույցի հեղինակների, Սիրիայի հակամարտության հիմքում կարող է ընկած լինել դրան նախորդած երաշտն ու ջրի պակասը:

«Մարդիկ չէին կարող զբաղվել գյուղատնտեսությամբ, որի արդյունքում սկսվեց արտահոսք գյուղական շրջաններից դեպի քաղաքներ, որոնք առանց այն էլ մարդաշատ էին: Այստեղ ռեսուրսները ևս սահմանափակ էին: Արդյունքում, սահմանափակ ռեսուրսների համար պայքարում ստեղծվեց լարվածություն էթնիկապես բազմազան Սիրիայում: Հակամարտության հիմքում ընկած է այս ամենի համադրությունը»,- ասում է Իսթ Անգլիայի համալսարանից Ռայա Մութարաքը:

Գիտնականները օգտագործել են ապաստարան փնտրողների ու հակամարտության ընթացքում զոհերի մասին տվյալներ, որոնք միավորվել են մաթեմատիկական մոդելի մեջ, ուր ընդգրկվել է նաև երաշտի ու անձրևների մասին տեղեկությունը, ինչպես նաև բնակչության թիվը, էթնիկ բազմազանությունն ու ժողովրդավարության մակարդակի ցուցանիշները:

Գիտնականներն ընդգծում են, որ կլիմայի փոփոխությունը միշտ չէ, որ հանգեցրել է բնակչության արտահոսքին կամ հակամարտության:

«Կլիմայի փոփոխության ազդեցությունը արտագաղթի վրա, առանձնահատուկ է հստակ ժամանակահատվածի ու երկրների համար: Կլիման նպաստել է հակամարտության ծավալմանն այն երկրներում, որտեղ ժողովրդավարության մակարդակը միջին է»,- նշում է Մութարաքը:

Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները կնպաստեն գիտական այն քննարկմանը, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում մարդկանց արտահոսքի վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG