Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը սպառնում է կրկին փակել կառավարությունը


Պետական ծառայողները վերադառնում են աշխատանքի կառավարության ֆինանսավորման վերականգնումից հետո, որը ԱՄՆ-ի պատմության մեջ կառավարության ամենաերկարատև փակումն էր: Սակայն կառավարության ֆինանսավորումը կարող է կրկին դադարել, եթե կողմերը չգան ընդհանուր հայտարարի սահմանային պատի հարցում:

Միացյալ Նահանգներում վերականգնվեց կառավարության ֆինանսավորումը երկրի պատմության մեջ ամենաերկարատև կառավարության փակումից հետո:

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման հարցը շարունակում է մնալ օրակարգում: Իր ելույթում նա ընդգծել է սահմանային պատի կառուցման անհրաժեշտությունը և նշել, որ համաձայնության բացակայության պարագայում փետրվարի 15-ին ինքը կրկին կդիմի Սահմանադրությամբ լիազորված համապատասխան գործողությունների:

Դեմոկրատները խոստացել են բանակցել հանրապետական կողմի հետ սահմանային անվտանգության խնդրի շուրջ: Նրանք պատրաստ են քննարկել անվտանգության տարբեր միջոցների ֆինանսավորման հարցեր, բացառությամբ պատի կառուցման առաջարկը:

«Նա խոստացել է, որ դրա համար պետք է վճարի Մեքսիկան: Նա չկարողացավ պարտադրել մեքսիկական կողմին անել դա, ուստի որոշել է փակել մեր կառավարությունը: Դա ճիշտ չէ, և ամերիկացի ժողովուրդը գիտի դրա մասին»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Թեդ Լուին:

«Հուսանք Թրամփին կհաջողվի հասնել պատի կառուցմանը: Ես ապրում եմ Արիզոնայում, ուր կան բազմաթիվ անօրինական ներգաղթյալներ , որոնք գալիս են այստեղ այդ կողմերից: Ես աջակցում եմ նրան 100 տոկոսով»,- ասում է Արիզոնա նահանգի բնակիչ Ռոբերտ Բաքսթերը:

«Մենք դեմ ենք սահմանային պատի կառուցմանը: Դա ատելության, օտարամերժության խորհրդանիշ է, դա լուծում չէ: Հավատացած ենք, որ նախագահ Թրամփը պարտություն է կրում, և մեր համայնքները ընդդիմանում են այդ պատի կառուցմանը»,- ասում է Թեքսասի ներգաղթի հարցերով ակտիվիստ Ֆերնանդո Գարսիան:

Չնայած մասնակի փակումն այս պահին դադարեցված է, բայց քաղաքական պայքարը շարունակվում է:

«Ես չեմ աջակցում որևէ տեսակի պատի կառուցմանը, բայց կողմ եմ սահմանային անվտանգությանը»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Դեմոկրատներին իրականում չի հետաքրքրում այս հարցը: Նրանք մի քանի տարի առաջ կողմ են քվեարկել 350 մղոն երկարությամբ պատի օգտին: Նրանք ուղակի ատում են Թրամփին և ցանկանում մատնել նրան պարտության»,- ասում է հանրապետական կոնգրեսական Թեդ Քրուզը:

Իսկ նախագահ Թրամփը շարունակում է սպառնալ, որ կշրջանցի Կոնգրեսը և կհայտարարի արտակարգ դրություն, որի արդյունքում կկարգադրի կառուցել սահմանային պատնեշ, եթե բանակցությունները դեմոկրատների հետ արդյունք չտան: Նման զարգացումները կհանգեցնեն կոշտ արձագանքի դեմոկրատների կողմից և ցանկալի չեն նաև հանրապետականների համար: Նախագահի այս քայլը կարող է վիճարկվել դատական կարգով:

Facebook Forum

XS
SM
MD
LG