Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ձերբակալվեց նախագահ Թրամփի նախընտրական շտաբի խորհրդականը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի խորհրդական եւ մոտ աջակից Ռոջեր Սթոնը ձերբակալվել է ուրբաթ օրը լուսադեմին Ֆլորիդայի իր տանը: Սթոնի դեմ Միացյալ Նահանգների հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերի խմբի կողմից յոթ դրվագով մեղադրանք է առաջադրվել: Մասնավորապես, Սթոնը մեղադրվում է հետաքննությունը խոչընդոտելու եւ Կոնգրեսի հանձնաժողովին ստելու, վկաների վրա ճնշում գործադրելու եւ դեմոկրատների դեմ նախընտրական ընթացքում կոմպրոմատ հրապարակող Վիքիլիքսի հետ իր հարաբերությունների մասին կեղծ հայտարարություններ անելու մեջ:

Ինքն իրեն ժամանակին «ստոր խաբեբա» անվանած Ռոջեր Սթոնը նախկինում հայտարարում էր, որ հերց ինքն է համոզել Դոնալդ Թրամփին մտնել քաղաքականության մեջ: Սթոնի ձերբակալությունը զայրեցրել է նախագահ Դոնալդ Թրամփին, ով իր վրդովմունքն է արտահայտել Թվիթերի միջոցով: «Սա մեր երկրի պատմության մեջ ամենամեծ վհուկաորսն է: ՈՉ ՄԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈ՛ՒՆ ՉԻ ԵՂԵԼ: Սահմանային դաշտագայլերը, մարդկանց թրաֆիքինգով զբաղվողներն ու թմրավաճառներն ավելի լավ վերաբերմունքի են արժանանում: Ո՞վ էր CNN-ին տեղեկացրել, որ այնտեղ լինեն», - գրել է նախագահ Թրամփը:

Կոնգրեսի ստորին պալատի ղեկավար, դեմոկրատ Նենսի Փելոսին իր հերթին հայտարարել է, որ Ռոջեր Սթոնի մեղադրանքը ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ կարգի մարդկանցով է իրեն շրջապատել հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը: «Մտահոգիչ է տեսնել Ռուսաստանի հետ նրա կապերը եւ լսել նախագահից առաջարկներ, այն մասին, որ մենք կարող ենք դուրս գալ ՆԱՏՕ-ից: Դա Վլադիմիր Պուտինի երազանքի իրականացումը կլիներ», - ասել է Փելոսին:

Ներկայացված մեղադրանքը չի մեղադրում Սթոնին թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ սեւ PR-ով զբաղվող Վիքիլիքսի հետ որեւէ պայմանավորվածության գալու մեջ: Սակայն, մեղադրանքի համաձայն, Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչ 2016-ի ամռանը խնդրել էր Սթոնին պարզել, թե երբ է Վիքիլիքսը հրապարակելու ռուս հաքերների կողմից Քլինթոնի թիմի գողացված էլեկտրոնային նամակագրությունը: Ռոջեր Սթոնը նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի արդեն վեցերորդ անդամն է, ում հատուկ քննիչ Մյուլերի թիմը մեղադրանք է ներկայացրել:

Գրավի դիմաց դուրս գալուց հետո ինքը՝ Սթոնը հայտարարել է, թե դիտավորյալ կեղծ վկայություններ չի տվել, իսկ վկայությունների ընթացքում թույլ տրված բոլոր անճշտությունները եղել են ոչ դիտավորյալ: Իր դեմ մեղադրանքները Ռոջեր Սթոնի կարծիքով քաղաքական դրդապատճառներ ունեն.

«Այս առավոտ, լուսադեմին 29 հատուկ գործակալ 17 ավտոմեքենաներով եկան իմ տուն, մինչդեռ կարող էին պարզապես կապվել իմ պաշտպանների հետ եւ ես ինքնակամ, ինքս կմեկնեի նրանց մոտ: Նրանք սարսափեցրել են իմ տիկնոջը, իմ շներին, թեեւ՝ չափազանց քաղաքավարի էին իրենց պահում: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում ոչ մի դրվագով, եւ ինչպես ասել եմ նախկինում, ես չեմ կարող նախագահի դեմ որեւէ ցուցմունք տալ, քանի որ դա կլինի սուտ ցուցմունք: Չեմ պատրաստվում նաեւ ստեր հորինել՝ ինձ ճնշման տակից հանելու նպատակով»:

Facebook Forum

XS
SM
MD
LG