ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրահանգել է Վենեսուելայում իր աշխատակազմի ոչ էական պարտականություններ ունեցող անդամներին հեռանալ երկրից։ Սակայն ԱՄՆ-ը չի փակում Կարակասում իր դեսպանատունը։ Միացյալ Նահանգները նաեւ մերժել է ամերիկացի դիվանագետներին հեռանալու համար մինչեւ շաբաթ օրը ժամանակ տալու մասին նախագահի վիճարկելի պաշտոնը շարունակող Նիքոլաս Մադուրոյի պահանջը։
Մադուրոն այդ որոշումն էր ընդունել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Հուան Գուայդոյին որպես երկրի ժամանակավոր նախագահ։ Վերջինս արդեն նախապատրաստում է իշխանությունը Մադուրոյից իրեն անցնելու գործընթաց։
Գուայդոն ասում է, թե իրենք արդեն խոսել են միջազգային համայնքի, հանդիպումներ ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա նշել է, որ հունվարի 23-ին անցկացված ցույցերի ժամանակ ավելի քան 7 միլիոն մարդկանց ներկայությունն ապացուցում է այստեղ փոփոխություն իրականացնելու պահանջը։ Նրա խոսքերով, հիմա անհրաժեշտ է հիմնել անցումային կառավարություն եւ անցկացնել ազատ ընտրություններ։ ՝՝Մեզ այլեւս հարկավոր չէ բռնակալություն՛՛, ասել է Գուայդոն։
Վենեսուելայի իշխանափոխության շուրջ միջազագային տարաձայնությունները, սակայն, շարունակվում են։ Մի շարք երկրներ, ինչպես օրինակ Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են աջակցել Մադուրոյին։ Իսկ ԱՄՆ-ի նախագահը նախազգուշացրել են Մադուրոյին, որ խաղաղ անցում չապահովելու դեպքում իր ՝՝սեղանին են դրված խնդիրը լուծելու բոլոր տարբերակները՛՛։
Միացյալ Նահանգների հետ միասին Գուայդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ են ճանաչել Կանադան եւ նոր հիմնադրված Լատինաամերիկյան երկրների Լիմայի խմբի անդամ 14 պետություններից 11-ը, այդ թվում՝ Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիքան, Գվատեմալան ու Պերուն։
Մադուրոյին պաշտպանելու Ռուսաստանի ու Չինաստանի ջանքերին են միացել Բոլիվիան, Կուբան, Իրանը եւ Սիրիան։
Հուան Գուայդոն հայտարարել է, թե ինքը կքննարկի Նիկոլաս Մադուրոյին ներում շնորհելու հարցը, եթե վերջինս ինքնակամ կերպով հանձնի իշխանությունը։ Սակայն Մադուրոն մինչ այժմ մնում է անդրդվելի, քանի որ Վենեսուելայի բանակը շարունակում է իր աջակցությունը նրան։