Աֆղանստանի ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչ Աբդուլահ Աբդուլան Դավոսում հայտարարել է, որ միջազգային հանրությունը չպետք է միայնակ թողնի պատերազմի մեջ գտնվող Աֆղանստանը: Այս հայտարարությունից օրեր առաջ Թալիբանն ահաբեկչական գործողություններ էր կազմակերպել Աֆղանստանի հետախուզության գործակալության ռազմակայանում:
«Կոչ եմ անում մեր բարեկամներին ու գործընկերներին, ովքեր զոհաբերություններ են արել և արյուն թափել, չկորցնել համբերությունը: Մենք բոլորս էլ սխալներ ենք գործել վերջին 18 տարիներին: Չպետք է դրա համար մեղադրենք Աֆղանստանի ժողովրդին»,- ասում է Աբդուլան:
Հունվարի սկզբին նախագահ Թրամփը հարցականի տակ էր առել ամերիկյան ներգրավածությունն Աֆղանստանում:
«Ինչու՞ Ռուսաստանը, Հնդկաստանը, Պակիստանն այնտեղ չեն: Ինչու՞ ենք մենք այնտեղ, 6000 մղոն հեռու մեր երկրից»,- ասել է Թրամփը:
Իր հերթին Թալիբան շարժումը հայտնել է, որ խաղաղության մասին երկխոսություն է վարում ԱՄՆ-ի պատվիրակության հետ, որը գլխավորոմ է ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Աֆղանստանի քաղաքական հաշտեցման գծով Զալմայ Խալիզադեն:
Աֆղանստանի ներքին գործերի նախկին նախարարը նշում է, որ նման բանակցությունների հիմքում պետք է լինի զինադադարի կնքումը:
«Եթե երկխոսության հիմնական նախապայմանը զինադադարը չէ, ապա դա ընդունելի չէ Աֆղանստանի ժողովրդի համար, քանի որ 40 տարի ի վեր մենք շարունակում ենք տառապել և զոհեր տալ խաղաղության բացակայության պատճառով և չենք ցանկանում տառապել ևս 40 տարի»,- ասում է Միրզա Մոհամադ Յարմանդը:
Ըստ մամուլի տեղեկության, նախագահ Թրամփը ծրագրում է դուրս բերել Աֆղանստանից 14000-ոց զորամիավորման կեսը: Փորձագետների կարծիքով դա առավելություն կտա Թալիբանին բանակցությունների ընթացքում:
Թալիբանը հրաժարվում է ուղիղ բանակցություններ վարել Աֆղանիստանի իշխանությունների հետ՝ ընդգծելով, որ առաջին հերթին կբանակցի Միացյալ Նահանգների հետ:
Facebook Forum