Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջում են Նիկոլաս Մադուրոյի բռնակալության տապալում: Չորեքշաբթի օրը ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների արդյունքում գրանցվել են զոհեր ցուցարարների շարքում:
Երկրի ընդդիմության ղեկավար Հուան Ուայդոյին ազգային ժողովը, որտեղ մեծամասնություն է կազմում ընդդիմությունը, հռչակել է ժամանակավոր նախագահ: Վերջինս երդվել է ‘’վերջ տալ իշխանության չարաշահումներին, հեռացնել դավաճան կառավարությանը եւ անցկացնել ազատ ընտրություններ’’:
Առանձին, սակայն շատ ավելի սակավաթիվ ցուցարարների մասնակցությամբ ցույցեր են անցկացրել նաեւ Մադուրոյի կողմնակիցները: Իսկ Գերագույն դատարանը, որտեղ ճնշող մեծամասնություն են կազմում Մադուրոյի հավատարիմները, հրահանգել են սկսել Մադուրոյին իշխանությունից հեռացնելու խորհրդարանի որոշման դեմ քրեական հետապնդում:
ԱՄՆ-ը միացավ Կանադային, Բրազիլիային, Պերուին ու Կոլումբիային, որոնք արդեն ճանաչել են Ուաիդոյին որպես Վենեսուելայի նախագահ: Այս մասին հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփը եւ նախազգուշացրեց Մադուրոյին որեւէ վնասակար քայլ չիրականացնել ընդդեմ քաղաքացիների: Հարցին, թե արդյոք ինքը քննարկել է ռազմական միջամտություն ցուցաբերելու հարցը, Թրամփն ասել է, թե ոչինչ չի քննարկել, սակայն ‘’բոլոր տարբերակներն էլ դրված են սեղանին’’:
Որպես պատասխան, Մադուրոն կասեցրել է Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական բոլոր կապերը եւ ամերիկացի դիվանագետներին տվել երկրից հեռանալու համար 72 ժամ: Այս պահին աստիճանաբար ավելանում է Ուաիդոյին որպես ժամանակավոր նախագահ ճանաչող պետությունների թիվը, սակայն Ռուսաստանն օտար երկրներին դատապարտում է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին պաշտպանելու համար, ինչը Մոսկվայի խոսքերով, ոտնահարում է միջազգային օրենքները եւ ‘’տանում դեպի արյունահեղություն’’:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահի պաշտոնը Մադուրոն ստանձնել էր ձախակողմյան նախկին նախագահ Ուգո Չավեզի մահից հետո, ապա հայտարարել իր հաղթանակը անցյալ տարվա ընտրություններում, որն անկախ դիտորդների խոսքերով եղել է լի` կեղծիքներով: Նրա կառավարման տարիներին Վենեսուելան հայտնվել է տնտեսական խորը ճգնաժամի մեջ, ինչի արդյունքում առաջ եկած սննդամթերքի, դեղամիջոցների եւ այլ անհրաժեշտ պարագաների պակասի պատճառով երկրից մի քանի տարիների ընթացքում հեռացել է ավելի քան երկու միլիոն մարդ: