ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երեքշաբթի օրն այց էր կատարել Վաշինգտոնում գտնվող World Central Kitchen անվանումը կրող մի ճաշարան, որն անվճար սնունդ է սովորաբար տրամադրում բնական աղետներից տուժած անձանց։ Այսօր այն անվճար սնունդ է տրամադրում դաշնային այն ծառայողներին, որոնք դաշնային հաստատությունները փակ լինելու պատճառով ավելի քան մեկ ամիս է աշխատավարձ չեն ստանում։
Փելոսին հայտարարել է, որ դեմոկրատ կոնգրեսականները չեն մասնակցի Թրամփի ծրագրի շուրջ որեւէ քվեարկության, քանի դեռ չեն վերաբացվել դաշնային հաստատությունները։ Նրա խոսքերով, չի կարելի թույլ տալ, որ ՝՝դաշնային կառավարության ծառայողները վերածվեն պատանդների՛՛։
Կոնգրեսի դեմոկրատները նաեւ մերժում են անչափահաս տարիքում անօրինական եղանակով Միացյալ Նահանգներ տեղափոխված անձանց որպես փոխզիջում իրավական կարգավիճակ տալու Թրամփի առաջարկը՝ հիշեցնելով, որ հենց նախագահ Թրամփն էր չեղյալ հայտարարել այս անձանց բնակվելու եւ աշխատելու իրավունք տրամադրող օրենքը։
Ինչպես Սենատի դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերն է ասում, ՝՝Չի կարելի սակարկել գողացված ապրանքի համար՛՛։
Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելի խոսքերով, առաջարկը մերժելով, դեմոկրատները ցույց կտան, որ քաղաքական իրենց պայքարը վեր են դասում դաշնային կառավարության աշխատակիցների եւ ԴԱԿԱ ծրագրի շրջանակներում այստեղ բնակվող հարյուր հազարավոր երիտասարդների շահերից։
Երեքշաբթի օրը երեկոյան Մաքքոնելը հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ այն մասին, որ Սենատում հինգշաբթի օրը քվեարկության կդրվեն կառավարության ֆինանսավորումը վերսկսելու մասին ե՛ւ հանրապետականների ե՛ւ դեմոկրատների ներկայացրած նախագծերը։ Սա մի լուրջ տեղաշարժ է Մաքքոնելի դիրքորոշման մեջ, որը շարունակ պնդում էր, թե ինքը թույլ չի տա որեւէ քվեարկություն այնպիսի առաջարկի շուրջ, որը նախագահն ի վերջո չի ստորագրելու։
1ՕՕ տեղանոց Սենատում այս առաջարկներն անցկացնելու համար պահանջվում է կողմ առնվազն 6Օ ձայն։ Եթե առաջարկներից որեւէ մեկը չստանա այդքան ձայն, դաշնային կառավարության ավելի մեծաթիվ աշխատակիցներ կունենան անվճար սննդից օգտվելու կարիք։