Մոսկվայում չորեքշաբթի օրը տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի միջեւ։ Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ թուրքական զինված ուժերը նախապատրաստվում են Սիրիայում իրականացնել ռազմական խոշոր գործողություն ընդդեմ Ժողովրդի պաշտպանության միավորումներ անվանումը կրող քրդական ուժերի։
՝՝Մենք որեւէ մեկից չենք ընդունի որեւէ խորհուրդ այն մասին, թե ինչպես պետք է վարվենք ահաբեկչական մի խմբավորման հետ, որի գործունեությունն ավելի քան 3Օ տարի ուղղված է եղել մեր քաղաքացիների դեմ։ Ահաբեկիչների դեմ պայքար սկսելու համար մենք չենք խնդրի թույլտվություն՛՛, ասել է Էրդողանը ռուսական ՝՝Կոմերսանտ՛՛ օրաթերթին անցյալ շաբաթ տված հարցազրույցում։
Անկարան քրդական Ժողովրդի պաշտպանության միավորումներ խմբավորումը եւ Ժողովրդավարական միություն կուսակցությունը համարում է Թուրքիայում անհնազանդություն սերմանող ահաբեկչական կազմակերպություններ։
Անկարան ու Մոսկվան Սիրիայի քաղաքացիական պատերազմում պաշտպանում են հակադիր կողմերին։ Հիշեցնենք, որ դրա արդյունքում 2Օ15 թվականին թուրքական ռազմաօդանավերը ոչնչացրիր ռուսական մի կործանիչ։ Սակայն դրանից հետո երկու նախագահները համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում։ Միայն 2Օ18 թվականին նրանց միջեւ անցկացվել է դեմ առ դեմ 7 հանդիպում։ Սիրիայի հարցը քննարկելու նպատակով Էրդողանի ու Պուտինի միջեւ անցկացվել է 18 հեռախոսազրույց։
Պուտինը համաձայնություն էր հայտնել Ժողովրդի պաշտպանության միավորումների դեմ Թուրքիայի կողմից իրականացված ռազմական երկու նախորդ գործողություններին, ինչի արդյունքում Սիրիայի լայնածավալ հատվածներ անցան Անկարայի վերահսկողության ներքո։
Սակայն դեկտեմբեր ամսին Մոսկվա ժամանած թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը, ըստ հաղորդագրությունների, չի ստացել Սիրիայի հյուսիսում Ժողովրդի պաշտպանության քրդական միավորումների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում Ռուսաստանի համաձայնությունը։
Ըստ թուրք վերլուծաբանների, Էրդողանը Մոսկվա կատարած իր այս այցի ընթացքում պիտի փորձի փոխել Պուտինի դիրքորոշումը։
Վերլուծաբաններից Մեւլութ Չավուշօղլուն ասում է, թե ռուսներն ի վերջո պաշտպանելու են քրդերին ու սիրիացիներին, ոչ թե Թուրքերին, ՝՝քանի որ Թուրքիան, ռուսական ռազմաօդանավը կործանելով, մեկ անգամ արդեն դավաճանել է ռուսներին։ Իսկ ռուսները դա չեն մոռացել՛՛։
Թուրք նախկին դիվանագետ Այդին Սելչենը կարծում է, որ քրդական միավորումների դեմ թուրքական ռազմական ուժերի սպառնալիքը Պուտինն այժմ ցանկանում է օգտագործել քրդական ուժերին Դամասկոսի հետ գործարքի մեջ մտցնելու համար։
՝՝Պուտինն այժմ կնախընտրի սպասել։ Եվ եթե քրդական Ժողովրդվարական միություն կուսակցությունը գործարք կնքի Դամասկոսի հետ Մոսկվայի պայմաններով, վերջինս Անկարային չի քաջալերի դիմելու քրդերի դեմ ռազմական միակողմանի գործողությունների՛՛, ասում է Սելչենը։
Քրդական ռազմական միավորումների ու կուսակցության նկատմամբ Մոսկվայի լծակներն ավելի ամրապնդվեցին, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ ամիս հայտարարեց իր ուժերը Սիրիայից դուրս բերելու որոշման մասին։
Վաշինգտոնը Սիրիայի քրդական ուժերին բազմիցս էր հորդորել չգնալ Դամասկոսի ու Մոսկվայի հետ գործարքի։ Հիմա, ըստ վերլուծաբանների, երբ ամերիկյան ուժերը դուրս են բերվում Սիրիայից, քրդերին Դամասկոսի հետ համաձայնության գալուց բացի այլ տարբերակ գրեթե չի մնում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական ուժերն արդեն իսկ տեղաբաշխվել են սահմանի երկայնքով։
Թրամփն ու Էրդողանն անցած կիրակի օրը անցնող ամսվա ընթացքում, երկրորդ անգամը լինելով, խոսել են Սիրիայի մասին։
Ինչպես Սպիտակ տունն է հայտնում, երկու առաջնորդները համաձայնվել են շարունակել Սիրիայի հյուսիսարեւելյան հատվածի շուրջ բանակցային լուծում գտնելու աշխատանքները։
Սելչենի խոսքերով, Թուրքիան վարել է ՝՝շիզոֆրենիկ արտաքին քաղաքականություն, երբ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, իր սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ գործում էր ընդդեմ Ռուսաստանի, սակայն Մերձավոր Արեւելքում աշխատում էր ռուսների հետ՝ ընդդեմ ԱՄՆ-ի՛՛։ Այժմ, ասում է նա, Թուրքիան հրաժարվում է շիզոֆրենիայից ու մոտենում Եվրոպական միությանը, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին՝ հեռու մնալով Ռուսաստանից։
Բայց հիմա Էրդողանն ունի Պուտինի հետ սերտորեն գործակցելու պահանջ Սիրիայում։ Երկու երկրների նախագահների միջեւ քննարկումները կենտրոնանալու են նաեւ Սիրիայի Իդլիբի գավառի վրա։
Սեպտեմբեր ամսին Անկարան ու Մոսկվան կնքել էին գործարք, որը Սիրիայի իշխանություններին թույլ չտվեց գրավել ապստամբ ուժերի վերահսկողության տակ գտնվող այս վերջին գավառը։ Դրա արդյունքում այստեղ հաստատվեց ապառազմականացված գոտի՝ թուրքական ուժերի վերահսկողության ներքո։
Մոսկվան այժմ նախազգուշացնում է, որ այդ համաձայնագիրը հայտնվել է վտանգի տակ, երբ արմատական ուժերը փորձում են իրենց վերահսկողությունը հաստատել այստեղ։ Ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, այստեղ գերիշխում է Ջաբհաթ ալ Նուսրա խմբավորումը եւ ոտնահարում ապառազմականացված գոտու պայմանները։ Նրա խոսքերով, այս տարածքների մոտ 7Օ տոկոսը արդեն գրավված է ահաբեկչական ուժերի կողմից, որոնք փորձում են հարձակվել ընդդեմ Սիրիայի բանակի դիրքերի ու տեղի բնակավայրերի։
՝՝Նրանք փորձում են սպառնալ Հմեյմիմում ռազմաօդային ուժերի մեր բազային՛՛, ասել է Լավրովը։