Հունաստանի խորհրդարանում քննարկվում է Մակեդոնիայի հետ համաձայնությունը, որի ընդդիմախոսները բողոքի ցույցեր սկսեցին Աթենքում: Ցույցերը վերածվեցին բախումների:
Խորհրդարանականները նախատեսում են այս հարցով քվեարկություն անցկացնել հինգշաբթի օրը: Համաձայնությունը նախատեսում է, որ Մակեդոնիան փոխում է իր պաշտոնական անունը, իսկ Հունաստանը դադարում է Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ և Եվրամիության անդամակցության արգելափակումը:
Մակեդոնիան, ըստ համաձայնագրի, պետք է վերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:
«Բավական է: Այս իշխանությունները որոշում են կայացնում առանց մարդկանց կարծիքը լսելու: Նրանք չեն կարող վավերացնել այդ պայմանագիրը, երբ պրոֆեսորներն ու սահմանադրության փորձագետներն ասում են, որ այն հակասում է Հունաստանի շահերին և բխում Սկոպիայի շահերից: Կառավարությունը ցանկանում է ստիպողաբար վավերացնել այն»,- ասում է ցուցարարներից մեկը:
Հույների մի հատվածը նշում է, որ անունը դեռևս պարունակում է հունական ինքնության տարրեր և մշակութային ժառանգություն:
Այս համաձայնության արդյունքում գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասը զրկվեց խորհրդարանական կոալիցիայից, քանի որ դրա մաս կազմող ազգայնական ուժերը լքեցին այն ի նշան բողոքի: Գործող վարչապետը դժվարությամբ կարողացավ հաղթահարել այս զարգացումներին հաջորդած կառավարության վստահության քվեն խորհրդարանում:
Facebook Forum