Մեքսիկայում կիրակի օրը տեղի ունեցավ բենզինի խողովակաշարի պայթյունի պատճառով զոհված անձանց հուղարկավորությունը։ Թուլա-Թուքսփանի խողովակաշարի Հիդալգոյի հատվածում բենզինի գողերի կողմից խողովակաշարի վրա բացված անցքից դուրս ժայթքած բենզինի պատճառով սկսված հրդեհին զոհ է գնացել առնվազն 79 մարդ, 74 այլոք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։
Հրդեհը բռնկվել է, երբ խողովակաշարի վրա բացված անցքերից մեծ ճնշման տակ դուրս ժայթքած բենզինը շրջական բնակավայրի մարդիկ տանում էին դույլերով, աղբամաններով ու այլ տարաներով։ Մինչեւ հրդեհ բռնկվելը, տեղի է ունեցել պայթյուն։
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Օբրադորը, որն ուժեղ պայքար է սկսել նման գողությունների դեմ, կոչ է արել ամբողջ կառավարությանը օգնել եւ օժանդակել պայթյունից տուժած բոլոր ընտանիքներին։
Նախագահի կողմից սկսված ուժեղ պայքարի արդյունքում փակվել են այն խողովակաշարերը, որոնք հաճախ են ենթարկվում բենզինի գողերի կողմից հարձակումների։ Դրա արդյունքում երկրի կենտրոնական հատվածներում նկատվում է բենզինի պակաս, այդ թվում՝ հյուսիսային Մեխիկոյի Հիդալգո արվարձանում։ Բենզինի սղության պատճառով Մեքսիկայի տարբեր հատվածներում սկսվել են բողոքի ցույցեր։
Կառավարությունը հայտարարում է, որ վառելանյութի գողությունը երկրին ամեն տարի հասցնում է 3 միլիարդ դոլարի վնաս։