Սիրիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում զոհվեցին նաև ամերիկացի զինվորականներ, ցուցանիշ է, որ Դաեշ-ի դեմ պայքարը ավարտված չէ:
Այն հակասում է նախագահ Թրամփի այն հայտարարությանը, ըստ որի Դաեշ-ը պարտված է: Այս պնդմամբ նախագահը փորձում էր արդարացնել իր որոշումը զորքերի դուրսբերման մասին:
Նախագահի աջակից, հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը հայտարարել է, որ դուրսբերումը հակասում է ԱՄՆ-ի շահերին:
«Այս հայտարարության վերաբերյալ իմ մտահոգությունը բխում է նրանից, որ դա կոգևորի մեր հակառակորդներին , ում դեմ պատերազմում ենք»,- ասել է սենատորը:
Այն սպառնալիքը որ Դաեշ-ը կարող է վերակազմավորվել և հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի և Եվրոպայի դեմ շարունակում է մնալ արդիական:
Սակայն ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունը Դաեշ-ի վերացման հարցում դժվար իրականացվող խնդիր է, քանի որ խմբավորման զինյալները թաքնվում են խաղաղ բնակչության շրջանում:
Նախագահ Թրամփի աջակիցները պնդում են , որ ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Դաեշ-ի դեմ պայքարը կշարունակեն Ռուսաստանը, Իրանը, Սիրիան և նրա դաշնակից Թուրքիան:
Այդ դեպքում սակայն ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո վերջինիս վերահսկողության տակ գտնվող տարածքները կանցնեն Իրանին, որը կարող է դրանք օգտագործել Իսրայելի դեմ հարձակումներ իրականացնելու համար:
«Միգուցե սա ռազմավարություն է, ըստ որի պատերազմը կշարունակեն այլ երկրներ: Արդյունքում նրանք կամ կոչ կանեն մեզ վերադառնալ իրավիճակը կայունացնելու համար կամ կշարունակեն պատերազմել միմյանց դեմ »,- ասում է Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի փորձագետ Մարկ Կաթսը:
Որոշման ընդդիմախոսներն էլ իրենց հերթին ընդգծում են, որ ԱՄՆ-ի վարկանիշը կտրուկ կնվազի, եթե այն լքի իր դաշնակիցներին Սիրիայում, ովքեր պայքարում էին Ասադի դեմ: Այս քայլի արդյունքում քրդական ստորաբաժանումները ևս կարող են ռազմական բախման մեջ ներքաշվել Թուրքիայի հետ:
Facebook Forum